Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները
հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ․
Մարդու իրավունքների պաշտպանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ենթարկել է ուսումնասիրության հրատապության կարգով:
Մարդու իրավունքների պաշտպանի նախնական գրավոր առաջարկություններն ու դիտողությունները մարտի 28-ին՝ շաբաթ օրը ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ մանրամասները փոխանցվել են մարտի 29-ին՝ կիրակի օրը տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:
Այդ քննարկումների ընթացքում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին վերաբերող առաջարկների և դիտողությունների մի մասն ընդունվել է: Այդուհանդերձ, նախագծի դրույթների առնչությամբ շարունակում են առկա լինել հարցադրումներ ու նկատառումներ, որոնք ունեն նաև սկզբունքային նշանակություն:
Հաշվի առնելով, որ հարցը հասկանալիորեն ձեռք է բերել հանրային մեծ հետաքրքրություն ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում և առաջացրել է մարդու իրավունքներին առնչվող մտահոգություններ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակել իր մոտեցումներն ու առաջարկությունները նախագծով սահմանվող կարգավորումների վերաբերյալ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.
- Նոր կորոնավիրուսի (COVID-19) արագ տարածումը բարդ մարտահրավերներ է առաջ բերել աշխարհի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այս մարտահրավերներները բնույթով արտասովոր են, դրանք նախկինում գոյություն չեն եղել և, հետևաբար, պետությունները հաճախ առաջին անգամ են բախվում դրանց՝ չունենալով անհրաժեշտ միջոցներ ու անգամ հստակ պատկերացումներ այն մասին, թե ինչպես կանխարգելել ու արդյունավետ պայքարել վարակի տարածման դեմ:
- Ինչպես առողջապահության, այնպես էլ տարբեր բնագավառներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն) իրենք են նշում, որ պետությունները կանգնել են բարդությունների առաջ, որ մինչ այս վարակը չեն արձանագրվել: Այդ կազմակերպություններից յուրաքանչյուրն իր իրավասությանն առնչվող հարցերով հրապարակել է իրավիճակից թելադրվող կանոններ ու այդ նույն սկզբունքով մշակել վարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի վերաբերյալ սեփական դիրքորոշումներն ու քայլերը: Ակնհայտ է, որ վարակի առաջ բերած վտանգներն այնքան են ահագնացել, որ նույնիսկ հավակնում են փոխել համաշխարհային քաղաքականության առաջնահերթություններ:
- Աշխարհի պետությունները ձեռնարկում են տարբեր միջոցներ (սոցիալական հեռավորության կամ հիգիենայի պահանջների ապահովում, առողջապահական համակարգի հարմարեցում իրավիճակին և այլն), որոնք ուղղված են վարակի կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին:
- Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը ստեղծել է համապետական նշանակության խնդիրներ, որոնք առաջնահերթ կապված են ողջ բնակչության առողջության պաշտպանության հետ ու կարող են առաջ բերել երկրի անվտանգությանն առնչվող հարցեր: Ցավոք, մեր երկրում նոր կորոնավիրուսի տարածման պաշտոնական տվյալները վկայում են, որ այն դրսևորում է աճի և վիճակի վատթարացման միտումներ. արդեն իսկ արձանագրվում են վիրուսով երիտասարդների վարակման ու անգամ նրանց առողջական ծանր վիճակի, ինչպես նաև վարակվածների մահվան դեպքեր: Այս ամենն իր հերթին հանգեցնում է մարդկանց մեկուսացումների: Իրականացվող միջոցառումներն էլ իրենց հերթին մարդկանց համար առաջ են բերում սոցիալ-տնտեսական և այլ բնույթի սահմանափակումներ:
- Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում ու առավել ևս հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետությանն ակնհայտորեն անհրաժեշտ են նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի արդյունավետ միջոցներ: Պետությանն անհրաժեշտ են գործուն իրավական մեխանիզմներ, որոնք կոնկրետ իրավիճակներում կապահովեն անհրաժեշտ ճկունություն և արձագանքման օպերատիվություն: Ի վերջո պետության պոզիտիվ պարտավորության գաղափարն է պահանջում արագ լուծում տալու ստեղծված խնդիրներին և երաշխավորելու հանրային առողջության պաշտպանությունը:
- Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված սպառնալիքները բնակչության առողջությանը, ինչպես նաև մարդու իրավունքներին և երկրի տնտեսական կյանքին ուղղված մարտահրավերները պահանջում են հասարակության համախմբում և միասնություն:
- Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունից հետո մեր երկիրը սկսել է գործադրել այնպիսի սահմանափակումներ, որի համար արել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված կարգով շեղումների վերաբերյալ հայտարարություն:
- Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո երկրում ձևավորվել է պարետատուն, որը գործում է պարետի ղեկավարությամբ:
- Այս ամենն, այդուհանդերձ, չի նշանակում, թե վարակի կանխարգելման ու դրա տարածման դեմ պայքարի գործընթացները պետք է ստիպեն մոռանալ մարդու հիմնական ու այն էլ սահմանադրական իրավունքների և ազատությունների մասին:
- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարության կողմից առաջարկվող կարգավորումները բնույթով այնպիսին են, որ առաջացնում են անձի սահմանադրական իրավունքների սահմանափակումներ և ուղեկցվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններից շեղումներով:
- Իրավունքների և ազատությունների սահմանափակումները, սակայն, չեն կարող թողնվել պետության հայեցողությանը, այլ պետք է համապատասխանեն Հայաստանի Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով ու միջազգային մյուս պայմանագրերով պահանջվող չափանիշներին:
- Ուսումնասիրության առարկա նախագծի կոնկրետ դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումները ստորև ներկայացվում են՝ հենց այս չափանիշներից ելնելով:
- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջարկում է լրացնել 9.1-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է, որ համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներն արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել նախագծով պահանջվող տվյալները:
- Վերանայման կարիք ունի նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված՝ հաճախորդի հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու հետ կապված կարգավորումը:
- Նախագծի 3-րդ մասն ամրագրում է. «Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները (այսուհետ՝ տվյալներ) մշակվում են, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները կարող են նաև բացահայտվել երրորդ անձանց` անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց` այդ ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը ապահովելու նպատակով՝ այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար»:
- Նախագծի նույն դրույթը նախատեսում է, որ առողջապահական ոլորտի մարմինների տրամադրած համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող եւ հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց, այդ թվում՝ բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները կարող են նաև բացահայտվել երրորդ անձանց։
- Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ այդ հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով: Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:
- Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 11-րդ մասում խոսք է գնում ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդակցության միջոցների և ծրագրային ապահովման (այսուհետ. էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ) օգտագործման և կիրառման միջոցով հսկողության իրականացման մասին:
- Նախագծի հետ կապված նաև առկա են մի շարք ընդհանուր բնույթի, սակայն կոնկրետ նկատառումներ:
- Նախագծի կարգավորումների հետ կապված՝ մեկ այլ ընդհանուր նկատառում է նաև վերանայումների և բողոքարկման մեխանիզմի հարցը, այդ թվում՝ կապված դատական պաշտպանության իրավունքի հետ: Օրինակ՝ եթե անձը գտնում է մեկուսացման իրեն ներկայացված պահանջն ապօրինի է, ինչպես է բողոքարկելու այն: Արդյոք կարողանալու է դիմել վարչական մարմնին, թե պետք է հարցը լուծվի դատական կարգով:
- Կարծում ենք, կարելի է դիտարկել այս բոլոր հարցերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով կարգավորելու հնարավորությունը՝ հղում անելով այդ օրենքին:
- Ակնհայտ է, որ մեկուսացած կամ առանձին իրավիճակներում ինքնամեկուսացած անձինք համարվելու են ազատությունից զրկված: Ուստի, առաջ է գալու նրանց անձնական ազատության իրավունքի ապահովման երաշխիքների հարց:
- Նախագիծը չի անդրադառնում այն դեպքերին, երբ վարակակիր կոնտակտավորների շրջանակը բացահայտվել է ոչ հանրային ծառայությունների տրամադրած տեղեկությունների հիմքով։ Օրինակ` ինչ է լինելու ընտանիքի մյուս անդամների հետ, եթե հաստատվել է, որ ընտանիքի անդամներից մեկը վարակված է նոր տեսակի կորոնավիրուսով։ Արդյոք այդ անձը մեկուսանալու է ընտանիքից և տեղափոխվի այլ վայր։ Եթե ոչ, ապա ինչպես է վերահսկվելու ընտանիքի մյուս անդամների հետ նրա շփումը։
- Անհրաժեշտ է լրամշակել Նախագծի ընդունման հիմնավորումներն այնպես, որ դրանք պատասխաններ ապահովեն նախագծով առաջարկվող մեխանիզմի գործադրման կամ գոնե դրա հետ կապված հիմնական հարցերին: