00:00:00

Շարունակեք հարձակվել. մենք պինդ ենք, կանք ու կլինենք. Միքայել Մինասյանի գրառումը

01:38, 28 նոյեմբեր 2019 Բլոգ

Այսօր առավոտյան 8-ից արդեն որերորդ անգամ խուզարկել են ինձ հետ իրենց կարծիքով «առնչություն ունեցող» անձանց բնակարանները։ Խուզարկված բնակարանների քանակը մեկ տասնյակից ավելի է։ Սա հերթական քաղաքական ռեյդն է։ Քաղաքական մրցակիցների հետ շփման բոլոր հնարավոր միջոցներից այս ռեժիմն ընտրել է ռեպրեսիաներով նրանց լռեցնելու մեթոդը։ Ու որքան մրցունակ է ռեժիմի ընդդիմախոսը, այնքան ավելի եռանդով են հարցաքննում, հետապնդում և խուզարկում նրա շրջապատին, նրան ճանաչողներին, նախկին կոլեգաներին, ընկերներին ու բարև տվածներին։ Կապ չունի, որ մեղադրանքը մտացածին է, որ ուղիղ ճնշում է գործադրվում ոչ թե ճշմարտությունն իմանալու, այլ որևէ ցուցմունք կորզելու համար։ Չէ՞ որ մեկուկես տարի սպառնում են, անոնս անում, բայց էական ու փաստացի ոչինչ չունեն։ Կարևորը՝ ընդդիմախոսի շրջապատին անընդհատ ահաբեկելն է։ Սա ո՛չ չափազանցություն է, ոչ էլ կարեկցանք առաջացնելու մանիպուլյատիվ ձև։ Սա դառը ճշմարտությունն է, որը ռեժիմը չի էլ թաքցնում ու կիրառում է բոլորի նկատմամբ նույնիսկ սեփական շարքերը վերջերս լքածների (օրինակ, գործիչը պետական համակարգից դուրս է գալիս, հաջորդ օրը 6-րդ վարչությունը գնում է նրա տուն խուզարկության)։ Մեր դեպքում էլ, առանց ձևականության, ռեպրեսիայի հրամանը կա, կատարողները՝ նույնպես։ Ահա դրանք։ Արդեն կա հարուցված 10 քրեական գործ, որոնք ռեժիմի կարծիքով, առչնություն ունեն իմ, իմ ընտանիքի կամ շրջապատի հետ։ Իրավապահներն արդեն անցկացրել են ավելի քան 25 խուզարկություն, հարցաքննել ավելի քան 400 մարդու։ Ամեն անգամ նույն մոլուցքով` պարտադրել մարդկանց ինչ-որ բան ասել իմ կամ իմ ընտանիքի մասին: Իրականում այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել։ Նախ, որովհետև, որքան էլ ստուգեն, հետապնդեն և խուզարկեն՝ միևնույն է ոչինչ չեն գտնի։ Համակերպվեք` կան մարդիկ, ովքեր գործել և գործում են օրենքի շրջանակում։ Եվ համակերպվեք, որ այդ մարդիկ Ձեր հետ չեն, բայց չեք կարող նրանց դեմ քրեական հետապնդում իրականացնել։ Ու որքան էլ լինի ինչ որ բան հայտնաբերելու ուղիղ հրաման, դե յուրե և դե ֆակտո ոչինչ չհայտնաբերելով, բայց շարունակելով, ավելի զավեշտալի դրության մեջ եք հայտնվում։ Այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել, որովհետև, ի տարբերություն շատերի, առաջին օրվանից գիտեինք, թե իշխանությունը ինչի է ընդունակ։ Հիմա էլ գիտենք, թե ով, որտեղ և ինչպես է կատարում ռեժիմի ղեկավարից եկած ուղիղ հրահանգները։ Գիտենք և միշտ հիշելու ենք։ Ու հիմա, այս ամենն ուղղակի զավեշտալի է, պարզունակ ու մանկամիտ։ Իսկ մենք, որ համախոհների շատ մեծ բանակ ենք, որն ավելանում է ամեն օր, միակամ ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, ոչ թե ինչ-որ ուժի գահընկեց անելու համար, այլ մեզ միավորող արժեքների ու նպատակների շուրջ։ Այն ապագայի պատկերի շուրջ, որ որոշել ենք միասին կառուցել։ Ու մեզ ոչինչ և ոչ ոք հետ չի պահելու։ Շարունակեք հարձակվել։ Մենք պինդ ենք, կանք ու կլինենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Միքայել Մինասյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր