ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել բուլղարացի գործընկերոջը՝ ԵՄ խորհրդի նախագահությունը Բուլղարիայի կողմից ստանձնելու առթիվ: Արա Բաբլոյանը, մասնավորապես, նշել է. «Մենք կիսում ենք Բուլղարիայի նախագահության կարգախոսը՝ ԵՄ ներկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է լինել միասնական»:
Խոսելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նախորդ տարի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ համաձայնագիրը նոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Բուլղարիան առավել սեղմ ժամկետում կվավերացնի վերոնշյալ համաձայնագիրը:
«Տիկին նախագահ, ուրախ եմ մեր հանդիպման համար և հավատացած, որ նման հանդիպումների պարբերականությունը նոր լիցք կհաղորդի և՛ միջպետական հարաբերությունների զարգացմանը, և՛ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը»,- նշել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:
Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչևան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել. «Հավաստիացնում եմ, որ հանձինս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի լավ բարեկամ, որը կաջակցի Հայաստանին Եվրոպական միության հետ համագործակցության հարցերում»:
Ցվետա Կարայանչևան Արա Բաբլոյանին հրավիրել է Բուլղարիայի Հանրապետություն:
Կողմերը պայմանավորվել են խորացնել խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: