Այսօր Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտխորհրդի ընդլայնված նիստը։
Այն փակ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների ու բուհի ուսանողների համար, ինչից վրդովվել էին ուսանողները ու նստացույց հայտարարել: Նրանց ներս թողեցին այն ժամանակ, երբ քամին ավելի ուժգնացավ։
Ուսանողների ու լրատվամիջոցների հետ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի ու նախարարի հանդիպումը տևեց բավական երկար։
Ուսանողները ներկայացրեցին իրենց բողոքը, հատկապես ծափահարությունների արժանացավ այն հարցը, որ ԿԳ նախարարը լռել է. ու այդ պատճառով է վիճակը նման կետի հասել, որ ստիպված դասադուլ են անում ու պահանջում անհապաղ հետ կանչել աշխատանքից ազատված սիրելի դասախոսներին՝ Հովհաննես Խորիկյանին ու Գագիկ Համբարյանին:
Ուսանողները երբ դժգոհեցին, որ իրենց ներս չեն թողել, նախարարն էլ արձագանքեց՝ ուսանողները նրա համար են, որ պայքարեն, որ իրենց խնդիրներն էլ լուծեն:
Ուսնողները հետաքրքրվեցին, թե ինչ լուծումներ է առաջարկում նախարարը: Ըստ նրա՝ դասախոսներին աշխատանքից ազատելը սխալ էր, քանի որ նրանք ոչ թե բուհի վարկանիշն են գցում, այլ մարդիկ հստակ խնդիրներ էին բարձրաձայնում: «Այս իրավիճակն այն պատճառով է, որ դուք լռել եք, հիմա մի լռեք»:
Նախարարն ասաց, որ պետք է հավատալ համալսարանին, ու հենց այնտեղ պետք է խնդիրը լուծվի, սակայն սա չի նշանակում, որ խնդրից ինքը խուսափում է, այլ պետք է հավատալ համալսարանին ու խնդիրը լուծել համալսարանական կառույցների միջոցով: