Համացանցի օգտատերերից մեկը գրել էր, որ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգը հակաբիոտիկի դեղատոմս գրելու համար իրենից խորհրդանշական գումար՝ 10 հազար դրամ է պահանջել: Բժիշկը դա պատճառաբանել է այն հանգամանքով, որ եթե դեղատոմս գրի առանց դրամարկղում վճարելու, խնդիրներ կունենա: Սակարկելով՝ հիվանդը գումարն իջեցրել է մինչեւ 5 հազար դրամ:
Սերգեյ Խաչատրյանը հարցի հեղինակին առաջարկեց առողջապահության նախարարություն դիմում գրել, որից հետո հարցը կքննարկվի, եւ իրավախախտման դեպքում բժիշկը կպատժվի: Այն դիտարկմանը, որ «Շենգավիթ» ԲԿ տնօրենն իր ընկերն է, պատասխանեց, որ բոլոր տնօրեններն իր ընկերներն են, սակայն իրենց միջեւ քավոր–սանիկ հարաբերություններ չկան: Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Խաչատրյանը բնակչությանը կոչ արեց պոլիկլինիկաներ ավելի հաճախ դիմել՝ անկախ պոլիկլինիկաների վիճակից՝ հիշեցնելով, որ այնտեղ սպասարկումն անվճար է, եւ պոլիկլինիկաները ֆինանսավորում են ստանում յուրաքանչյուր հաշվառված քաղաքացու համար: Նա չհամաձայնվեց օգտատերերի այն կտրուկ գնահատականներին, որ պոլիկլինիկաներում անգամ մեկամգամյա օգտագործման ներարկիչներ չկան՝ էլ չխոսենք ժամանակակից սարքավորումների մասին: Նա հավելեց, որ եթե պոլիկլինիկան չունի սեփական ախտորոշում, պայմանագրեր ունի բժշկական կենտրոնների հետ, որոնք համապատասխան սարքավորումներ ունեն: Սերգեյ Խաչատրյանը նաեւ նշեց, որ մեկ այլ քաղաք տեղափոխվելու դեպքում պոլիկլինիկան փոխելը հիմա արագ եւ հեշտ է արվում: