Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը կարևորում է ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը սահմանափակող օրենքի նախագծի ընդունումը: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում Գևորգ Կոստանյանն ասել է, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախորդ ընտրությունների ընթացքում հանրության բարձրացրած մտահոգությունների փարատմամբ:
«Ես հիմա կանդրադառնամ նախընտրական քարոզչության վերաբերյալ հարցերին: Նախ` ինչո՞վ է պայմանավորված, որ այս նախագծով ուսուցիչներին, բուժաշխատողներին մենք որոշակի սահմանափակման մեջ ենք դիտարկում, իսկ դատախազին, դատավորին, ոստիկանին և այլ սուբյեկտներին բացարձակ արգելքի դաշտ ենք մտցրել: Երկու կարևոր պատճառ կա դրա համար: Եթե ուշադրություն դարձնեք, այն սահմանափակումներում, որոնք արդեն կիրառելի են ուսուցիչների և բուժաշխատողների նկատմամբ, կարևոր փոփոխություն է մտցվել, որը նախկինում չկար:Նախկին կարգավորումները հետևյալն էին, որ որոշակի սուբյեկտներ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում իրավունք չունեն նախընտրական քարոզչություն իրականացնել: Այո, շատ ժամանակ մեր հասարակության մեջ միշտ հարց էր առաջանում` ո՞րն է այդ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակահատվածը` աշխատանքի ընթացքո՞ւմ, թե՞ դրանից հետո: Դրա համար մենք ավելացրել ենք շատ կարևոր մի դրույթ` նախընտրական քարոզչություն չի կարող իրականացնել ի պաշտոնե հանդես գալու ժամանակ: Ի պաշտոնե ուսուցիչը, բուժաշխատողը չեն կարող նախընտրական քարոզչություն իրականացնել ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, այլև անգամ դրանից դուրս ի պաշտոնե հանդես գալիս»,- մանրամասնել է Գևորգ Կոստանյանը:
Գաղտնիք չէ, որ ցանկացած ընտրական գործընթացում, կլինեն դրանք համապետական, թե ՏԻՄ ակտիվ դերակատարություն են ունենում ուսուցիչներն ու բուժաշխատողները: Թերեւս հիշենք նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն մի ուսումնասիրություն էր հրապարակել, որի արդյունքում եզրակացրել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում:
Արդյունքում, հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ ՀԿ-ին մանրամասն պատմել էին իրենց հավաքագրած ցուցակների մասին:
Հիմա Կոստոնյանն առաջարկում է ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը սահմանափակող օրենքի նախագիծը կյանքի կոչել: Իրականում Կոստանյանը շատ լավ գիտի, որ ինքն ապրում է մի Հայաստանում, որտեղ օրենքները գրվում են միայն գրվելու, ոչ թե կյանքի կոչվելու համար: Հաաստանում մայր օրենքը՝ Սահմանադրությունը չի գործում, ուր մնաց այս կամ այն օրենքի նախագիծը:
Գեւորգ Կոստանյանը ոչ թե լավություն է անում, այլ փորձում է ցույց տալ, որ արդարության «ջատագով» է, գրեթե նույքան, որքան Միհրան Պողոսյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի:
Մինչդեռ հասարակությունը շատ լավ գիտի իշխող բուրգի ներկայացուցիչներին: Նրանք դժվար թե կտրեն այն ճյուղը, որի վրա նստած են: ԱԺ-ում Կոստանյանն ու նրա հարեւանությամբ նստող ՀՀԿ-ական պատգամավորները ընտրվել են վարչական ռեսուրսի չարաշահումով, ինչպես անելու են հաջորդ՝ 2022 թվականին, անկախ Կոստանյանի մշակած եւ մշակելիք օրենքի նախագծերից: Իսկ մինչ այդ դեռ երկար ժամանակ կա: Պատգամավորները այս ընթացքում կխաղան օրենքների հետ, հարմարեցնելով տվյալ ժամանակի պահանջների հետ:
Փայլակ Ֆահրադյան