Հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանը այն եզակիներից է, ով իրականացրել է իր երազանքը և հանդիպել երգչուհուն և նրան հայերեն սովորեցրել:
«Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Նրանց շնորհիվ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք մեծ դժվարությամբ և մեծ ջանքերի գնով կարողացել էին կազմակերպել մեր վիրտուալ զրույցը: Խոսեցինք, երգեցինք ուղիղ եթերում: Այդ ամենն իրականում հեքիաթի էր նման»,- պատմել է Հարութը:
Դրանից հետո Օրեյրոյի հայ երկրպագուն շարունակել է կապ պահպանել ուրուգվայցիների և ռադիոյի հետ` պարբերաբար հանդես գալով ռադիոյի եթերների ընթացքում: Ռադիոյի միջոցով էլ 2017-ին հայտնվել է Արգենտինայում և Ուրուգվայում: Արգենտինայում երկրպագուն այցելել է Օրեյրոյի «Las Oreiro» խանութը, իսկ Ուրուգվայում, որտեղ տղան արդեն բավական հայտնի է, կատարվել է անսպասելին:
Հայ երկրպագուն Օրեյրոյին նաև հայկական նվերներ էր տարել, հայերեն խոսել սովորեցրել, պատմել Հայաստանի մասին և ասել, որ այստեղ նրան շատ են սիրում և հույս ունեն, որ մի օր կգա մեր երկիր: Օրեյրոն էլ պատասխանել էր, որ մեծ սիրով կցանկանա Հայաստան այցելել: