00:00:00

Իշխանությունները «պատանդ» են վերցրել լրատվամիջոցներին

17:50, 25 հունվար 2019

Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող "ՏԵՐԵԳԻՅԱՆՑ" ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերեգիյանցն, ով աչքի է ընկնում իշխանամետ քաղաքական դիրքորոշմամբ, իր ֆեյսբուքյան էջի միջոցով կոչ է անում հանրությանը չհետևել որոշ լրատվական կայքերի հրապարակումներին։

Խարհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության ամրապնդումից 1 ամիս ամիս անց, ինչպես կանխատեսվում էր, Փաշինյանի կառավարության հասցեին ուղղվեցին բազում բողոքներ։ Մասնավորապես՝ պարգևավճարների շուրջ բարձրացած աղմուկն ու արտաքին քաղաքական զարգացումները, որոնք ակտիվ լուսաբանվում էին ՀՀ «ազատ մամուլի» կողմից, առիթ դարձան հասարակական լայն շրջանակների կողմից իշխանության նկատմամբ վերաբերմունքի փոփոխման։ Եվ այս ամենը մամուլի վրա բարդելու պրակտիկան սկիզբ դրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան Live-ից հետո։

Հիշեցնենք, որ Փաշինյանը, խոսքն ուղղելով հանրությանը, փորձ արեց նսեմացնել այն լրատվամիջոցների գործունեությունը, որոնք ժամանակ առ ժամանակ արդարացիորեն հանդես են գալիս հակաիշխանական հրապարակումներով։ Ոչ այլ ինչ է սա, եթե ոչ` անուղղակի ճնշում մամուլի նկատմամբ։ Իհարկե Փաշինյանի կողմից պաշտոնեական դիրքի նկատմամբ թյուրըմբռնումների արգասիքները դեռ շատ կքաղեն թե՛ լայն հանրությունը, և թե՛ մասնագիտացված ոլորտների ներկայացուցիչները, սակայն պաշտոնավարման սկզբում նրա նման գործելաոճը վկայությունն է ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացի։

Վարչապետի այս հայտարարություններով ոգևորված մի շարք իշխանականներ օգտագործեցին իրենց տրամադրության տակ եղած բոլոր սոցիալական հարթակները լրատվամիջոցների նկատմամբ «հրետակոծություն»  իրականացնելու համար։ Իհարկե վերոբերյալ գործարարը չի դասվում իշխանականների շարքում, և իր զբաղեցրած հասարակական դիրքով չի  էլ կարող հանդիսանալ որևէ գործընթացի մեկնարկ, բայց փաստացի իր գրառմամբ հանդիսանում է քաղաքական էլիտայի մակարդակով սկսված հակաժողովրդավարական գործընթացի «պտուղ»։

Հատկանշական է, որ այս օգտատերն իր գրառման մեկնաբանություններում կոչ է անում հետևել միայն «Հայկական ժամանակ»-ի և «Ազատություն ռ/կ»-ի հրապարակումներին հետևությունները թողնում ենք ձեզ։ Անշուշտ, զերծ կմնանք արձանագրելուց, որ այդ լրատվամիջոցների կողմից որևէ հրահանգ կա, կամ/թե նրանք հանդես են գալիս որպես իշխանական մամուլ։ Սակայն  կարող ենք արձանագրել, որ իշխանությունների կողմից մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումները ամրագրվում են հասարակական շրջանակներում, ինչը աննախադեպ է ՀՀ երրորդ Հանրապետության պատմության մեջ։

Շատ է խոսվում, որ մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, սակայն համեմատության համար նշենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք ՀՀ-ում սկսել են գործունեություն ծավալել աննախադեպ թվով լրատվամիջոցներ, և ընդհանուր վերցրած չի կարելի ասել, որ մամուլը ճնշված է եղել։ Իհարկե, ինչպես ցանկացած երկրում, եղել են որոշակի փորձեր, առաջացել են անօրինական խոչընդոտներ, բայց երբեք Հայաստանի որևէ ղեկավարի կողմից նման ուղերձներ չեն հնչել։

Իսկ առհասարակ քաղաքացին ինքն է ընտրում, թե որ աղբյուրից ստանա իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, չի կարելի ադմինիստրատիվ դիրքի  չարաշահմամբ հոգեբանորեն արգելել քաղաքացուն իրացնելու սեփական կամքը, անկախ նրանից՝ վարչապետ ես, գործարար, թե՝ ԱԺ նախագահի տիկին։

Վաչիկ Գրիգորյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր