Ռուսական պատվաստանյութի խմբաքանակը թույլ կտա պատվաստել 50 հազար մարդու։
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակն արդեն «Էրեբունի» ավիաբազայում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը։
Նրա խոսքով՝ 100 հազար դեղաչափով բեռը Երևան է հասել հատուկ չվերթով։ Պատվաստանյութը նախատեսված է 50 հազար մարդու համար։
«ՀՀ պաշտպանության նախարարության և քաղաքացիական բնակչության համար նախատեսված պատվաստանյութը Երևան է բերվել Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում», — ասաց Ռատուշնյակը։
Ռատուշնյակը նշեց, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի մատակարարման ժամկետների հարցում դեռ հստակություն չկա:
Ավելի վաղ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Պրիմակը Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որն արտադրվել է Հայաստանում, Ռուսաստան է ուղարկվել` որակի վերահսկում անցնելու։