Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի Պուասի կոմունայում մասնակցել է բարեգործական ֆուտբոլային խաղին, որում տուգանային հարվածով գոլ է խփել, գրում է ՏԱՍՍ-ը:

Խաղը կազմակերպվել էր ի պատիվ Վարիետե ֆուտբոլային ակումբի 50-ամյակի:

Մակրոնը խաղադաշտ է դուրս եկել 3-րդ համարի ներքո: Նա գոլ է խփել խաղի առաջին րոպեներին, ինչից հետո հանդիսատեսը ծափահարել է:

Ֆրանսիայի նախագահի հետ նույն թիմում են խաղացել  անգլիական «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողներ Քրիստիան Կարամբյուն և Մարսել Դեսայիլին:

Խաղից հավաքված միջոցները կուղղվեն Փարիզի հիվանդանոցների հիմնադրամին, որը գլխավորում է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում մանկական հիվանդանոցներին: