Հազարավոր մարդիկ լցրել են Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակը. նրանք հավաքվել են՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, գրում է sputnik-georgia.ru-ն:

Ակցիան ընթանում է խաղաղ ճանապարհով: Ցուցարարների ձեռքին են «Ազատություն Միշային» և «Ո՛չ քաղաքական հետապնդումներին» գրությամբ պաստառներ, ինչպես նաև Վրաստանի դրոշներ: Ակցիային հայտնվել են նաև Ադրբեջանի և Ուկրաինայի դրոշները:

Քաղաքային խորհրդի դիմաց հավաքվել է բեմ, որի ֆոնին պատկերված է Վրաստանի դրոշը` ԵՄ դրոշի աստղերով: Ոստիկանության աշխատակիցները կարգուկանոն են պահպանում, նրանք գտնվում են մոտակա փողոցներում:

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: