Գյումրիում այս կիրակի կայանալիք ընտրություններից առաջ իշխանությունը հերթական սոցիալական հարցումն է իրականացրել գյումրեցիների շրջանում։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մենք տեղեկացանք, որ մայրաքաղաքից են զանգահարել Գյումրիում ապրողներին, հարցրել, թե հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում առաջադրված թեկնածուներից ում օգտին են քվերակելու գյումրեցիները։ Իհարկե զանգահարողները հայտնել են, թե իրենք անկախ կազմակերպություն են ներկայացնում, չեն պաշտպանում որեւէ մեկի քաղաքական շահը, բայց մեր ունեցած հավաստի տեղեկություններով սոցհարցումը իշխանությունն է պատվիրել։ Բայց իրականացված հարցումների արդյունքներն իշխանությանը չեն գոհացրել։

Ինչպես հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրություններին տասը քաղաքական ուժ է մասնակցում։ Այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա իշխանություն  ձևավորելու շանսեր չուներ, Irakanum.am-ը անդրադարձել էր իր նախորդ հրապարակումներում։ Մենք նաև գրել էինք, որ հենց այդ պատճառով է, որ իշխանությունը խաղի մեջ է մտցրել «Բալասանյան» դաշինքին։ Ու որքան էլ երկու կողմերը փորձում են հերքել իրենց համագործակցությունը, ակնհայտ է, որ կա իշխանություն- Սամվել Բալասանյան պայմանավորվածություն։ Ի դեպ այս պայմանավորվածության գինն այն է, որ Բալասանյանը կշարունակի իր բիզնես գործունեությունը և իշխանությունը նրա համար խնդիրներ չի ստեղծի։ Հակառակ դեպքում Սամվել Բալասանյանին չեզոքացնելու համար իշխանությունը ջրի երես կհաներ մի շարք փաստաթղթեր, բայց ինչպես օրեր առաջ էր հայտարարել Շիրակի մարզի դատախազը Սամվել Բալասանյանը օրենքի հետ կապված խնդիրներ չունի։ Նշենք, որ տևական ժամանակ է Բալասանյանը երկրում չէ։

Իշխանությունը կանխատեսելով իր պարտությունը, կամ գոնե այն հանգամանքը, որ բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողանա, Երևանից նաև տղերքի էր ուղարկել Գյումրի։ Խոսքը՝ ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի մասին է, ով Գյումրիում փակ տարածքներում հանդիպումներ ունենալիս չէր պահպանում հակահամաճարակային կանոնները։ Միաժամանակ Երևանից մի քանի այլ պատգամավորներ էին գործողվում Գյումրի, իբրև թե որպես հեղինակություն մասնակցում քարոզարշավին։

Հիմա վերադադնանք իրականացված սոցհարցումներին։ Արդյունքներն ամփոփվել են նախորդ շաբաթվա վերջ, որից հետո իշխանությունը փորձել է ստեղծած իրավիճակը այլ կերպ լուծել։

Ինչպես հայտնի է նախօրեին Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց։ Խոսքը՝ Ալբերտ Մարգարյանի մասին է, ով Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածուի հոր մտերիմ ընկերն է։ Մարգարյանին քաղաքապետարան գործուղելով իշխանությունը նպատակ ունի նաև այս կերպ վերահսկելի դարձնել ընտրական գործընթացը։

ՏԻՄ ընտրություններին մասնկացող ընդդիմադիր ուժերն այս պահին ունեն շանս հաղթելու իշխանությանը և ձախողել ՔՊ- «Բալասանյան» դաշինք համագործակցությունը։ Ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում ավելացել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանի վարկանիշը։

Irakanum.am