Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բեռլին Էկոնոմիկս» անկախ խորհրդատվական ընկերության եւ «Գերմանական տնտեսական միավորում» հ/կ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ խոսել է գործող արտաքին պարտքի կառավարելիության եւ մակրոտենտեսական ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ «Բեռլին Էկոնոմիկս»  ընկերության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ շեշտել է, որ գերմանացի գործընկերներն ուշադրությամբ են հետեւում ՀՀ կառավարության գործունեությանը եւ ողջունում են ընթացիկ աշխատանքներում տարվող բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման  հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: