Դանիլովի վանքում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Մենք հավաքվել ենք այստեղ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Հուսով եմ, որ դուք և ես կգտնենք այն ճիշտ բառերը, որոնք առավել անհրաժեշտ են մեր ժողովուրդներին: Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա: Եվ ես հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստը և ձեր միջև երկխոսությունն օրինակ կդառնան բոլորի համար»,- ասել է Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքը։

Հանդիպման ավարտին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել որպես ռազմագերիներ պահվող քաղաքացիական անձանց, դիմել են կողմերին՝ կանխելու եկեղեցիների և մզկիթների հանդեպ վանդալիզմի դրսևորումները, թույլ չտալ տարածաշրջանում զենքի կիրառումը, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանում խաղաղ բնակչության համար։

«Կոչ ենք անում հստակեցնել անհայտ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնացող զենքի չարտոնված կիրառում», — ասված է հոգեւոր առաջնորդների ամփոփիչ հայտարարության մեջ։