Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գյումրիում, Վանաձորում, Վայքում ու Ջերմուկում համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել կարճ ժամկետով։ Այս համայնքներում լրացել են գործող ղեկավարների և ավագանու լիազորությունների ժամկետները և առաջիկայում համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու։ Մինչ այդ համայնքներն ավագանի չեն ունենա, որոշումներ չեն կայացվի։

Ինչպես հայտնի է Գյումրիում ՏԻՄ ընտրությունները նախատեսված են այս կիրակի։ Մյուս համայնքներում ընտրությունները կկայանան դեկտեմբերի 5-ին։

Վանաձորը հինգ տարի է ղեկավարում էր ՀՀԿ-ական Մամիկոն Ալսանյանը։ Irakanum.am-ի հետ զրույցում Ասլանյանը հայտնեց, որ ձմռանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին ինքը դարձյալ կմասնակցի։

Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակվել։ Ձեր պաշտոնավարման ժամկետը լրացե՞լ էր։

Ժամկետներն ու լիազորությունները սահմանված են օրենսդրությամբ։ Հինգ տարվա պաշտոնավարման ժամկետը լրանում էր հոկտեմբերի տասին, բայց լիազորությունները ըստ ՏԻՄ ոլորտը կարգավորող օրենքի տալիս էր մինչև նոր ավագանու ձևավորումը, կամ անդրանիկ նիստը։ Այսինքն քաղաքապետն ու ավագանին շարունակելու էին գործել, մինչև նոր քաղաքապետի ընտրության օրը։

Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում իշխանության շտապողականությունը։

Ես չեմ կարող մեկնաբանել, էնտեղ հոդված էր սահմանված, թե ժամկետը լրանալուն պես իրավունք է վերապահվում վարչապետի կողմից քաղաքներում ժպ նշանակել։

Դուք ճանաչում ե՞ք քաղաքապետի ժպ-ին։

Հա ճանաչում եմ, իհարկե։ Մեր քաղաքից է, ատամնաբույժ, խելոք տղա է։

Նախկին մարզպետն էլ էր չէ՞ ատամնաբույժ։

Հա, էդպես է։

Դուք հայտարարել եք, որ մասնակցելու եք ընտրություններին։ Հիմա էլ ե՞ք ՀՀԿ-ական։

Հա։ Մինչև մասնակցությունը կորոշեմ ինչ ֆորմատով մասնակցեմ։

Այսինքն հնարավոր է ՀՀԿ-ի ցուցակով չմասմակցե՞ք։

Ֆորմատը դեռ որոշված չէ, տարբեր քննարկումների մեջ ենք, մոտ օրերս կորոշենք։

Կան տեղեկություններ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով եք մասնակցելու ընտրություններին։

Դրանք տարբեր խոսակցություններ են, բանակցություններ, որոնք ոչ հերքվել, ոչ հաստատվել են, քանի վերջնական որոշում չկա, դժվարանում եմ ասել։

Ո՞ր ուժերի հետ եք խորհրդակցում, քննարկում։

Տարբեր, տարբեր ուժերից առաջարկություններ կան, շփումներ կան, հիմա ուղղակի ֆորմատն ենք որոշում ընտրությունների մասնակցության։

Հավելենք, որ նշանակումներն անելիս Փաշինյանն առաջնորդվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածով, ըստ որի` համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում պաշտոնակատարներն են ղեկավարում համայնքը մինչև նոր ընտրություններ։

Irakanum.am