Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում բնակվող արցախցի 24 ընտանիքը կշարունակի այդտեղ մնալ մինչեւ նոյեմբերի վերջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինեսսա Հովհաննիսյանը, որն իր ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ մոտ մեկ տարի այդտեղ է ապրում։

««Վերադարձ դեպի Քաշաթաղ»ՀԿ–ի ղեկավարը եւ Քաշաթաղի առաջին դպրոցի տնօրենը գնացել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ բացատրել, որ մենք կարճ ժամանակում չենք կարող տուն գտնել եւ տեղափոխվել։ Նախարարության հետ համաձայնության են եկել այն պայմանով, որ չենք ջեռուցելու շենքը եւ այս ընթացքում պիտի բնակարան գտնենք, որի վարձը կհատուցի  «Առաքելություն Հայաստան» ՀԿ–ն՝ Միասնական սոցիալական ծառայության հետ մեկտեղ»,–  ասաց Ինեսսան։