Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն այսպես մեկնաբանեց ընտրական խաղում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը:

 

«Մենք այսօր շատ անհաջող հանդես եկանք: Կարծում եմ, ֆուտբոլիստներն իրենց էմոցիաները լիովին սպառել էին նախորդ խաղում: Մենք այդ ուղղությամբ աշխատանքններ տարանք, բայց խաղը ցույց տվեց, որ նրանք հոգեպես չէին վերականգնվել: Երևի նաև մենք էինք մեղավոր, որ վստահեցինք և հավատացինք որոշ ֆուտբոլիստներին:

 

Հյուսիսային Մակեդոնիան համբերատար պաշտպանվեց, իսկ հակագրոհների ժամանակ վտանգավոր շատ պահեր ստեղծեց: Պատասխան գոլը խփելուց հետո տղաները ճիշտ արձագանքեցին և վերջին րոպեներին մեծ ճնշում գործադրին մրցակցի դարպասին, բայց հոգեբանության պատճառով չկարողացավ իրացնել պահերը», — խաղից հետո մամուլի ասուլիսին ասաց թիմի գլխավոր մարզիչը:

 

«Ա1+»-ի այն հարցին, թե ինչու էր թիմը գործում պարզունակ, գնդակը խաղարկելու տեղը հիմնականում խորքից երկար փոխանցում էր կատարվում առջևի գիծ, Ռաֆայել Նազարյանն ասաց.

 

«Դա հիմնականում կապված էր հակառակորդի խաղից: Հյուսիսմակեդոնացիները շատ կոմպակտ էին խաղում, անմիջապես ճնշում էին գործադրում գնդակը կորցրնելիս: Մրցակիցը շատ լավ էր պաշտպանվում և չէր թողնում մեզ ազատ գործել»:

 

Նշենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում այսօր ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1:

 

Հայաստանի երիտասարդական հավաքականը ընթացիկ մրցաշարում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և այժմ 3 միավորով իր խմբում զբաղեցնում է վերջին` 6-րդ տեղը: Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 11-ին, Ֆրանսիայի հարկի տակ: