ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ իր ելույթը։ Շարմազանովը տեղեկացրել է նաև, որ այդ օրը ինքը Փաշինյանին հորդորել է դիմել ՌԴ նախագահին՝ պատերազմը կանգնեցնելու կոչով, սակայն իրականությունն այլ ընթացք է ունեցել։

«Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին, տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։ Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։

«Իշխանափոխության առաջին օրերից «Հանրապետական» կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ,  ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։

Զգուշացրել ենք, որ չի՛ կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռք բերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև նախապայմաններ դնել, զգացմունքային և թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը և հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:

Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:

Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ և հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։

Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման և միասնականության կոչ արեց և իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։

Այս օրերին սեփական նախաձեռնությամբ «Հանրապետականն» արել է առավելագույնը՝ հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում, դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ` առաջացած կարիքները ճիշտ գնահատելու և  նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, և մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով :

Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված` «դավաճանների» մասին վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:

Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու, որ

1. Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի և Արցախի գործող ղեկավարության վրա։

2. Անկախ այդ հանգամանքից՝ «Հանրապետականը» պատրաստ է անելու առավելագույնը՝ մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020թ.»։

«Հ.Գ.  Ելույթս ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ դիմի և նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին՝ պատերազմը կանգնեցնելու կոչով։

Հետագայում տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ Վլադիմիր Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։ Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնվել այդ առաջարկին, որի հետևանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին, և հազարավոր զոհեր:

Ավելին. ինչպես արդեն գաղտնազերծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ի պատասխան Փաշինյանի գնահատականների, նրան ասել եմ՝ նախորդ իշխանությունը ձեզ թողել է երկու հայկական պետություն ու այդ թվում՝ 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։

Ավելի լավ է՝ դուք մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո։

Հ.Հ.Գ. Իսկ ի՞նչ թողեց նա: Կապիտուլյացիա»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։