Երկրները պետք է աշխատեն «Թալիբան»-ի հետ, քանի որ մեկուսացումը կարող է անվտանգության լուրջ սպառնալիքի հանգեցնել, ինչպես եղավ այն ժամանակ, երբ «Ալ-Քաիդա»-ն Աֆղանստանը օգտագործեց որպես սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները պլանավորելու բազա: Այս մասին հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի եւ հակամարտությունների կարգավորման գործում միջնորդության հարցերով Կատարի հատուկ բանագնաց Մութլակ Բին Մաջեդ Ալ Քահթանին, հաղորդում է AP-ն:

Նա հայտնել է, որ թալիբների հետ խոսել է հասարակության մեջ կանանց դերի, աղջիկների կրթության մատչելիության եւ ներառական կառավարության կարեւորության հետ կապված հրատապ հարցերի մասին:

«Այն, ինչ մենք ասում ենք «Թալիբան»-ին, որը ժամանակավոր կառավարություն է, Քաբուլի փաստացի իշխանություն, խտրականություն է եւ մեկուսացում, դա վատ քաղաքականություն է»,- Դոհայում ընթացող Գլոբալ անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Ալ Քահթանին: «Որպես դե-ֆակտո իշխանության մարմին, դուք որոշակի պատասխանատվություն եք կրում, ունեք պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն»:

Աֆղանստանի ներկայիս կառավարությունը, որը, ըստ թալիբների, ժամանակավոր է, կազմված է բացառապես «Թալիբան» շարժման առաջնորդներից, այդ թվում՝ մի քանի անձանցից, որոնց դեմ ՄԱԿ-ը պատժամիջոցներ է սահմանել:

Ալ-Քահթանին բացատրել է, թե ինչու է Կատարը խրախուսում համագործակցությունը թալիբների հետ, ովքեր տարիներ շարունակ ահաբեկչություններ են իրականացրել եւ սպանել են զինվորների եւ խաղաղ բնակիչների: «Եթե մենք պատրաստվում ենք ցրվել եւ չշփվել նրանց հետ, ես կարծում եմ, որ մենք անում ենք նույն սխալը, ինչ 1989-ին… երբ մենք հեռացանք Աֆղանստանից, աֆղանցի ժողովրդից»,- ասել է նա: «Այս գործողության հետեւանքներից մեկը սեպտեմբերի 11-ն է, ուստի կարծում եմ, որ մենք պետք է դաս քաղենք դրանից»։