Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, թե ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից։

«Շատ պարզ. երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ և մեր օրգանիզմը, մինչև իրական հիվանդությանը հանդիպելը, արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը», — նշել է նա։

Ավանեսյնաը նշել է նաև, որ ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել առողջության վրա, այլ պաշտպանել է տասնյակ հիվանդություններից։

«Դրանց շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում, օրինակ, պոլիոմելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։
Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։

Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, այնինչ, կա դրանից ապահովագրվելու միջոցը»,-գրել է Ավանեսյանը։

Նշենք, որ այսօր Հայաստանում գրանցվել է կորոնաավիրուսի 903 նոր դեպք, մահացել է 43 քաղաքացի։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։