Եթե  Հայաստանը եւ Ադրբեջանը  ցանկանան,  Եվրամիությունը պատրաստ է  միջնորդ լինել Հայաստան- Ադրբեջան բանակցություններում։  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Խաչիկ գյուղում լրագրողների հետ զրույցում միաժամանակ հիշեցնում է՝ գործընթացը, բնականաբար, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հաղորդում է «Ա1+»-ը:

Եվրամիությունը պատրաստ է նաեւ դեմարկացիայի և դելիմիտացիայի դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինել, եւ կրկին եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը։Հարցին՝  արդյոք Եվրամիությանը չեն մտահոգում Սյունիքում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, դեսպանը պատասխանեց՝ չի կարող չմտահոգել, քանի որ այն վերաբերում է մարդկանց կյանքին։

Հիշեցնենք, որ հունիսին  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը այցելել էր  Սյունիքի մարզ՝ գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։

«Ա1+»-ի մյուս հարցին՝  ինչպես է  գնահատում  փաստը, որ Հայաստանում վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ, դեսպանը նշեց՝  հետեւելու  են գործընթացներին։ Նա վստահեցրեց, որ իրենք կարեորում են խոսքի ազատությունը եւ լրատվամիջոցների անկախությունը եւ շարունակելու են կարեւորել։