Շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ 2021 թվականի դելտեմբերի 1-ին Մոսկվայում նշանակված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստ, որին պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը։

Նա դատարանին խնդրեց վերացնել Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի սահմանափակումներն ընդհանրապես կամ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։

Արմեն Գևորգյանն ասաց, որ երկու նիստ բաց է թողել ու այդ նիստը լիագումար նիստ է, որը ենթադրում է՝ խրախուսվում է, որ բոլոր մասնակիցները ներկա լինեն նիստին։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ սահմանային տեղաշարժի սահմանափակումները վերացնելու որևէ հիմք չկա։ Դատախազն ասաց, թե միջնորդությունն անհիմն է ու պետք է մերժել այն, քանի որ նիստին հնարավոր է նաև մասնակցել հեռավար։

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ հայտարարեց, որ արգելքն ընդհանրապես վերացնելու միջնորդությանը դատարանը չի անդրադառնա՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ քննարկվել է այդ հարցը։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի3-ը բացակայելուն, նա ասաց, թե ակնհայտ է, որ այդ միջոցառմանը հնարավոր է մասնակցել նաև առցանց եղանակով, հետևաբար, դատարանը որոշեց միջնորդությունը մերժել։

Արմեն Գևորգյանը հայտարարեց, թե այլևս չի տեսնում այս դատարանում իր իրավունքները պաշպանելու հնարավորությունը։

«Ես իմ փաստաբաններին խնդրում եմ մտածել, թե ինչ միջոցներ ձեռնարկել, սա արդեն, ըստ էության, կոչվում է քաղաքական գերի, այսինքն՝ դատարանն Արմեն Գևորգյանին գերի է պահում՝ թույլ չտալով կատարել իր միջազգային պարտականություններն ու պարտավորությունները, սա բոլոր տրամաբանություններից, իրավաչափություններից դուրս է, ես գտնում եմ, որ դատարանն իմ նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի ու դա չի թաքցնում իր ոչ իրավաչափ գործողություններով», — ասաց Գևորգյանը։