Ճանապարհային ոստիկանության ծառայողներն այսուհետ հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունը կիրականացնեն աշնանային ու ձմեռային սեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն, հետևել ծառայության ընթացքին, նոր համազգեստի հետ կապված լսել ծառայողների և ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի կարծիքները:

Նախարարի խոսքով՝ համազգեստը մշակվել է հիմք ընդունելով դրանց հարմարավետությունը և Արցախի կլիմայական պայմանների հետ կապված խնդիրները:

ՆԳՆ համակարգում բարեփոխումների մաս են կազմում ոչ միայն դինամիկ արտաքին ծառայության իրականացումը, այլև ներքին կարգ ու կանոնի ճիշտ պահպանումը:

Մայիսին ոստիկանության ՊՊԾ գումարտակը համալրվեց կապի, հեռահաղորդակցության և տեխնիկական նոր միջոցներով: Բարեփոխումները սկսվել են առաջնահերթ ՆԳՆ այն ստորաբաժանումներից, որոնք առավել շատ են առնչվում քաղաքացիների հետ։

Ոստիկանության համակարգում ստեղծվում է նոր միջավայր:

Առաջնահերթությունը տրվում է անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով օժտված ծառայողներին, որոնց շնորհիվ հանրապետության տարածքում այսօր ունենք պատշաճ պարեկային ծառայություն, դե իսկ համազգեստի ճիշտ կրումը՝ դրա կարևոր նախապայմաններից է: