Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ապացույցների հետազոտման շրջանակներում դատարանում հարցաքննվում են վկաները։ Այսօրվա դատական նիստին դատակոչված 6 անձանցից ներկայացել էր Գևորգ Հովսեփյանը, որը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է։ Նա պատմեց, որ 2016թ համաձայնել էր Մանվել Գրիգորյանի կրտսեր որդու՝ Արման Գրիգորյանի առաջարկին և իր անունով գրանցել իրեն չպատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենան։

«Ավտոմեքենան ձևակերպել են իմ անունով, ես տեղյակ չեմ եղել՝ ով է վճարել, ինչ ձևակերպում է եղել, մեքենան տեսել եմ միայն գրանցման ժամանակ։ Դրանից հետո չեմ տեսել, հետո իմացել եմ, որ մեքենան հանձնվել է ԵԿՄ-ին՝ օգտագործման»,- պատմեց վկան։

Պատասխանելով մեղադրող դատախազի հարցերին՝ վկան նշեց, որ որևէ տեղեկություն չի ունեցել պայմանագրից, միայն ստորագրել է. «Հետո ստուգումներն եղան՝ այդ ավտոմեքենան գտել էին օֆիսի ավտոտնակից, ինձ կանչեցին քննչական, ես էլ ինչ գիտեի՝ ասեցի»։

Այսօր կայացած դատական նիստին հարցաքննվեց միայն վկա Հովսեփյանը, քանի որ դատակոչված մյուս վկաները, որոնք, թեև պատշաճ ծանուցված էին եղել, չեն ներկայացել դատական նիստին։ Վկաները հաջորդ դատական նիստի համար ևս կծանուցվեն, իսկ կրկին չներկայանալու պարագայում դատարանը կքննարկի նրանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու հարցը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանավորումը, որը, նրա առողջական վիճակով պայմանավորված, փոփոխվել է 2020թ հունվարի 15-ին՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Խափանման միջոցի փոփոխումից ամիսներ անց՝2020թ նոյեմբերի 19-ին, Գրիգորյանը մահացել է։

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով իրենց տներում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։