Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանին ամիսներ առաջ մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ղուկասյանը, համաձայն մեղադրանքի, պաշտոնեական լիազորություններն է առերևույթ չարաշահել և կատարել պաշտոնեական կեղծիք:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցադրմանը, թե հաշվարկ արվե՞լ է՝ նախկին քաղաքապետի գործունեության արդյունքում որքան է կազմել քաղաքին հասցված վնասը, նշել է.

«Քանի որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, և կան եզրակացություններ, որոնք որ չեն ստացվել, այս պահին կոնկրետ վնասի չափ ասել չեմ կարող»:

Գրիգորյանը պարզաբանել է, որ խոսքը առանձին վերցրած 24 գույքի, հողակտորների մասին է:

«Գիտեք, որ մեղադրանք է առաջադրվել, քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն իսկ որոշում է կայացվել գույքի վրա կալանք դնելու մասին: Հետագայում եթե անձը մեղավոր ճանաչվի հիշյալ արարքների համար, արդեն համայնքն իրավունք կստանա քաղաքացիական հայցով գույքը հետ պահանջել»:

Գուրգեն Գրիգորյանը հայտնեց, որ նախկին քաղաքապետը հարցաքննվել է: Հայտնի է նաև այն անձանց շրջանակը, որոնց ևս համայնքապատկան գույք է վաճառվել:

Վաղեմության ժամկետի վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան՝ մարզի դատախազը պարզաբանեց, որ այն վերաբերում է միայն քրեական պատասխանատվության հարցի:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ ևս կա հարուցված քրեական գործ, սակայն նա փախուստի մեջ է:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։

«Նա ձերբակալվել էր: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Առաջին ատյանի դատարանը մերժեց մեր միջնորդությունը: Մեր կողմից բերվեց վերաքննիչ բողոք, վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր համարեց մեր բերած բոլոր պատճառաբանությունները և բեկանեց ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտը, որից հետո արդեն Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել հնարավոր չի եղել: Ներկայում նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից: Միջոցներ են ձեռնարկվում նրա գտնվելու վայրը պարզելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար»:

Դատախազը նշեց, որ իր տվյալներով Սպարտակ Ղուկասյանը Հայաստանում է: