Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինան:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է ներուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի դանդաղեցման հետ կապված մտահոգիչ իրավիճակը: Միեւնույն ժամանակ, երեք առաջնորդները նշել են 2015 թվականի Մինսկի համաձայնագրերի իրականացման կարեւորությունը` որպես կարգավորման անվիճարկելի հիմք: Նրանք նաեւ ընդգծել են հետագայում եւս Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ջանքերի՝ «նորմանդական ձեւաչափով» համակարգման իրենց շահագրգռվածությունը:

Ռուսաստանի նախագահը սկզբունքային գնահատական է ​​տվել Կիեւի իշխանությունների քաղաքական գծին՝ համառորեն խուսափելով ինչպես Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարումից, այնպես էլ նախորդող «նորմանդական» գագաթնաժողովների ժամանակ, այդ թվում՝ Փարիզում (2019 թ. դեկտեմբերի 9-ին) ձեռք բերված պայմանավորվածություններից:

Հաշվի առնելով Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման գործընթացում առաջացող բարդ իրավիճակը՝ առաջնորդները իրենց քաղաքական խորհրդականներին եւ արտաքին քաղաքական գերատեսչություններին հանձնարարել են ակտիվացնել շփումները եւ աշխատել «նորմանդական քառյակի» ֆորմատով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ համապատասխան ուղիներով շարունակել «նորմանդական» գագաթնաժողովի հնարավոր կազմակերպման նախադրյալների ուսումնասիրությունը:

Զրույցի ընթացքում շոշափվել են որոշ այլ միջազգային հարցեր, այդ թվում՝ Աֆրիկյան մայրցամաքում ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: