Փողոցային պայքարը քաղաքական պայքարի բաղադրիչներից մեկն էր, որը չէր էլ ավարտվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների հայտարարություններին, նա ասաց. «Խոսել ընդդիմության թերությունների մասին նորմալ է, այլ հարց է, թե դրանք ինձ ձեւով են արվում եւ արդյոք իրական նպատակ ունեն այդ թերությունը շտկելու, թե պարզապես քննադատական խոսք հնչեցնելու:

Երբ խոսքը ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին է, մարդիկ կամ պետք է աջակցեն իշխանությանը, կամ ընդդիմությանը: Ես դրական եմ վերաբերվում ողջամիտ քննադատությանը, բայց միակողմանի փորձել աբստրակտ քննադատական խոսք հնչեցնել, ես չեմ պատկերացնում, թե դրանով ինչ օգուտ են տալիս քաղաքական պրոցեսներին, ում ջրաղացին են ջուր լցնում»:

Հարցին, թե եթե «Պատիվ ունեմը» փողոց դուրս չգա, դուք միայնակ դուրս կգա՞ք պայքարի, նա պատասխանեց. «Ես տպավորություն ունեմ, որ «Պատիվ ունեմ»-ի դեպքում էլ փողոցային պայքարը չէր ավարտվել: «Հայաստան» դաշինքը այն ուժն է, որ ամենամեծ հանրահավաքն էր կազմակերպել հունիսին, ամենամեծ քայլերթն էր կազմակերպել վերջերս: «Հայաստան» դաշինքի առաջնորդն էլ ամենամեծ ասուլիսն էր տվել վերջին շրջանում»:

Վարդեւանյանը համոզմունք հայտնեց, որ իրենց խմբակցության գործունեության արդյունքում հանրային տրամադրությունները փոխվում են, պրոցեսներ գեներացվում են: