ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ի գիտություն է ընդունել Irakanum.am-ի հրապարակումը և կուսումնասիրի փաստերը։ Խոսքը՝ ՔՊ-ի թեկնածուն ու ՔՊ-ական պատգամավորը չեն կատարում Փաշինյանի որոշումը վերտառությամբ հրապարակման մասին է։ Մենք գրել էինք, որ Գյումրիում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ Առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն ու ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը խախտել են հակահամաճարակային կանոնները։ Վերջիններս փակ տարածքում հանդիպում են կազմակերպել մարզի բժիշկների հետ, ովքեր ոչ միայն չեն պահպանել սոցիալական հեռավորությունը, այլև՝ դիմակ չեն կրում։ Նույն խախտումը մեկ այլ հանդիպման ժամանակ արել է ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Irakanum.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը հայտնեց, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար։ «Դիմակ կրելը հակահամաճարակային նորմերից մեկն է, որը չի փոխվել, հրամանը գործում է, և այս պահին Հայաստանը գտնվում է կարանտինի մեջ։ Մինչեւ դեկտեմբերի 20-ը հայտարարված է կարանտին»,- ասաց Գայանե Խաչատրյանը։ Ի պատասխան հարցի, թե փաստորեն հիմա ունենք խախտման դեպք, Խաչատրյանն ասաց․ «Եթե լինում է ահազանգ, կամ մամուլում հրապարակումներ, բնականաբար տեսչական մարմինը քայլեր է ձեռնարկում»։

Գայանե Խաչատրյանն ասաց, որ ընդհանրապես նման հրապարակումներն անուշադրության չեն մատնվում, խախտումը հաստատվելու դեպքում տնտեսավարողը կրում է պատասխանատվություն։

Ամենայն հավանականությամբ այս դեպքում պատասխանատվություն կրելու է միջոցառման կազմակերպիչը։

Հավելենք, որ հիշյալ հրապարակման վերաբերյալ էլ Առողջապահության նախարարությունից Irakanum.am-ին փոխանցել էին, որ բոլորին կոչ են անում պահպանել հակահամաճարակային կանոնները։

 Irakanum.am