Մինչև տարեվերջ Հայաստանում կունենանք 78 համայնք, որոնցից 71-ը միավորված են, 6-ը փոքրամասնություններով ապրող համայնքներ են և Երևան քաղաքը: Այսօր խոշորացումից դժգոհում են հիմնականում մեծ համայնքները, քանի որ ֆինաննսներն ուղղվում են փոքր  խնդիրներ ունեցող բնակավայրերին։ Իսկ մինչ միավորումը՝ մտավախություն ունեին փոքր համայքները, որ իրենց բնակավայրերը կանտեսնվեն։

Ընդդիմադիրների պնդումները, որ 441 համայքում տեղի չեն ունեցել համայնքների խոշորացման թեմայով լսումներ, տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն անհիմն  է համարում։ Նա ասում է, որ ինքն անձամբ քննարկումներ է անցկացրել գրեթե բոլոր խոշորացման ենթակա համայքներում։ «Անձամբ ես եղել եմ 200-ից ավել համայքներում, լսել ենք կարծիքները, տեսակետները ու կազմել ենք եզրակացությունը»։

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով համայնքների խոշորացմանը վերաբերող օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը:

Ըստ դիմումի` կառավարությունը  խախտել է  441 համայնքների լսված լինելու իրավունքը։ «Հայաստան» խմբակցությունը, հաշվի առնելով հարցի հրատապությունը, Սահմանադրական դատարանին նաև միջնորդություն է ներկայացրել՝ այս օրենսդրական փաթեթի գործողությունը անհապաղ կասեցնելու վերաբերյալ:

Գիլոյանը մեկնաբանում է նաև նախարար Գնել Սանոսյանի այն խոսքը, թե համայքները խոշորացնելով՝ վերականգնելու են նախկին՝ Խորհրդային Հայաստանի շրջանները․ «Որ ասում են  նախկին շրջանների վերականգնում, դա պարզապես ինքը տերմին է, որ օգտագործում ենք։  Եթե խոսքը Շուռնուխի ու Որոտանի մասին է, ուրեմն, այս երկուսն էլ Գորիս համայքնի մեջ  են, Դավիթ Բեկը Կապան համանքնի մեջ է, դրանք վարչատարածքային օրենքով ամրագրված  մեր  բնակավայրերն են։ Կամ Տիգրանաշենը՝ Պարույր Սևակ համայնքի բնակավայերից է, ոչ թե  համայնք է»։