Հայաստանի քննչական Կոմիտեի Լոռու մարզի Սպիտակի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ այս տարվա հոկտեմբերի 8-ից որպես անհայտ կորած որոնվող 37-ամյա Հրաչիկ Հակոբյանի մահվան փաստով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հոկտեմբերի 9-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 45 հասցեին հարակից կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի եզրին, կիսամերկ, բերանքսիվայր ընկած վիճակում հայտնաբերել էին Հ. Հակոբյանի դին։

Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ դեմքի և գլխի հատվածներում կան մարմնական վնասվածքներ։  Դեպքի վայր էր ժամանել Լոռու մարզի ոստիկանապետը, ոտիկանության Սպիտակի բաժնի պետն ու Սպիտակի քննչական բաժնի պետը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ նրա անհայտ կորելու մասին ոստիկանության Սպիտակի բաժին հայտարարություն էր տվել քույրը՝ Անուշ Հակոբյանը, որ Սպիտակ քաղաքի Սայաթ Նովա փողոցում բնակվող եղբայրը հոկտեմբերի 6-ին, ժամը 19։30-ի սահմաններւմ իրենց տանից դուրս է եկել և մինչև այժմ տուն չի վերադարձել ու իր գտնվելու մասին տեղեկություններ չունեն։