Ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Կատարում երկօրյա բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ԱՄՆ-ի հետ Աֆղանստան մարդասիրական օգնություն մատակարարելու շուրջ, հաղորդում է ՌԻԱ նովոստին։

Կատար այցը թալիբների կառավարության անդամների առաջին արտասահմանյան այցն է դարձել։

«ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի Իսլամական Էմիրության պատվիրակությունների միջեւ երկխոսությունը հաջող է ընթացել։ Հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական հարցեր։ ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ մարդասիրական օգնություն կցուցաբերեն աֆղանստանցիներին»,-ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, ԱՄՆ պատվիրակությունն ու Աֆղանստանի նոր կառավարությունը պայմանավորվել են ջանքեր գործադրել դիվանագիտական հարաբերությունների լավացման համար եւ որոշել, որ նման հանդիպումներ կանցկացվեն նաեւ հետագայում։