Փակ տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջը ուժի մեջ է։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, անդրադառնալով այն հանգանանքին, որ Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանն ու Շիրակի գործող մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանը փակ տարածքներում հանդիպումների ժամանակ դիմակ չեն կրել։ Նշենք, որ այդ մասին հրապարակում արել էր Irakanum.am-ը։

«Փակ տարածքներում դիմակ դնելու պահանջը ակտուալ է։ Այսօր առավել քան երբևէ 33 մահ ունենք օրական և իրավիճակը Քովիդ կենտրոններում լարված է, մահճակալային ֆոնդը գնալով սպառվում է։ Առողջապահության նախարարությունը շարունակում է զգոնության կոչ անել, դրանք մեր հաղորդագրությունների ձևով են փոխանցվում, մեր մասնագետների հարցազրույցների, հորդոր փոխանցվում է նաև Առողջապահության նախարարի միջոցով, և կառավարության նիստերի և առանձին հանդիպումների ժամանակ»,- ասաց Հռիփսիմե Խաչատրյանը, հավելելով, որ փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի մասին Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև կառավարության նիստերի ժամանակ։

Խոսնակն ասաց, որ ևս մեկ անգամ բոլորին կոչ են անում, պահանջում են փակ տարածքներում դիմակ կրել։ «Բոլորին՝ կապ չունի կարգավիճակը, նախարարներ, են պատգամավորներ, թե հասարակ քաղաքացիներ պահպանեն հակահամաճարակային կանոնները, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը վերահսկելի դարձնել»,- ասաց ԱՆ խոսնակը։

Irakanum.am