Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը հրաժեշտի այցով գտնվում է Իսրայելում, հերթական անգամ ընդգծել է հրեական պետության անվտանգության համար Գերմանիայի պատասխանատվությունը: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 10-ին, Իսրայելի նախարարների կաբինետի հետ համատեղ հանդիպման մեկնարկից առաջ, գրում է dw.com-ը:

Նրա խոսքով, այն փաստը, որ չնայած հրեա ժողովրդի դեմ նացիստների հանցագործություններին, երկու երկրներին հաջողվել է լավ հարաբերություններ հաստատել, ուրախալի առիթ է: Իսրայելական կողմը մեծ ներդրում ունի այդ հարաբերություններում: Այնուամենայնիվ, Հոլոքոստը մնում է հատուկ իրադարձություն, որի համար Գերմանիան կրում և շարունակելու է կրել պատմական պատասխանատվություն, ասել է կանցլերը:

Քանի որ Իսրայելի ժողովրդավարական հրեական պետությունը, ըստ Մերկելի, շրջապատված է այնպիսի երկրներով, որոնցում, արևմտյան տեսանկյունից, ժողովրդավարություն չկա, հատկապես կարևոր է նրա հետ Գերմանիայի համագործակցության ընդլայնումը բոլոր ոլորտներում: Դրանցից մեկն անվտանգությունն է:

«Գերմանիան չեզոք չի մնում Իսրայելի անվտանգության հարցում, ընդհակառակը, Իսրայելի անվտանգությունը մեր պետական քաղաքականության հիմքերից է», — ընդգծել է դաշնային կանցլերը: