Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի կառուցմանը: Այդ մասին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրուլլահ Խադեմին:

«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարել ենք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին», — մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պաշտոնյայի խոսքով՝ «խոսքը նոր միջանցքի մասին Է, բացի այն ճանապարհից, որն այլընտրանքային է Գորիս-Կապան մայրուղու համար և որի շուրջ կողմերը նույնպես համաձայնության են եկել»:

Նա նշել է, որ այսօր կա Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգը Երևանի հետ կապող երթուղի:

«Այս ճանապարհի մոտ 21 կիլոմետրը, ըստ վերջին փոփոխությունների, համարվում է Ադրբեջանի մաս», — հավելել է փոխնախարարը: Նրա խոսքով, «ադրբեջանական կողմը գումար է գանձում այս կարճ հատվածի անցման համար, որտեղ կա միայն մեկ անցակետ»:

«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և համապատասխանում է նրանց կարիքներին», — ասել է Խադեմին: