Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բողոքել է միջազգային հանրությանը՝ ասելով, թե իր գործով դատական լսումներ չեն նշանակում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին քաղաքական գործիչը գրառում է կատարել սոցցանցում:

Սաակաշվիլին պնդում է, որ իրեն բանտարկել են երկու դատավճռի հիման վրա, որոնք «ոչ ոք աշխարհում չի ճանաչի», ինչպես նաև ձերբակալման հրաման է արձակվել երկու չավարտված գործերով:

«Վրաստանի օրենսդրության համաձայն՝ գործող և ընթացքի մեջ գտնվող գործի հիման վրա ձերբակալված ցանկացած անձ պետք է անհապաղ դատարան տեղափոխվի: Ինձ արդեն ինը օր է, ինչ պահում են բանտում՝ առանց լսումների, և իմ փաստաբանին դատավորն ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում լսումներ չեն սպասվում: Ակնհայտ փորձ է արվում՝ թույլ չտալ հանրության շրջանում իմ հայտնվելն ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ այն պարագայում, որ գրեթե բոլոր մեծ քաղաքներում իմ կուսակցությունը կողք-կողքի շարժվում է Իվանիշվիլիի կուսկացության հետ»,- գրել է նախկին նախագահը:

Վերջինս հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն այս գործն անփոփոխ չի թողնի:

Վրաստանում քաղաքապետերի և ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է հոկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմաննն ապօրինաբար հատելու համար: