Ի պատասխան վերջերս սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ հրապարակումների, հայտնում ենք, որ խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Տարվում են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իրականացնում են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման ուսումնասիրություններ։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով.

տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով

կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է Հայաստանի Հանապետության կենդանիների «Կարմիր գրքում» և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Կառավարության սահմանած կարգով: