Մարտակերտի բնակիչը իր այգում աշխատելիս է զոհվել՝ հակառակորդի դիպուկահարի թիրախավորված, սպանության նպատակով արձակած կրակոցից: Կրակոցն ուղիղ սրտին է եղել, հենց տեղում մահացել է արցախցի տղամարդը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մանրամասներ ներկայացնելով ադրբեջանցի դիպուկահարի կողմից Մարտակերտում 55-ամյա տղամարդու սպանության մասին։

Պատգամավորն ընդգծել է, որ եթե մինչ այս ադրբեջանցիները ոչ թիրախավորված էին կրակոցներ արձակում՝ հասարակությանը վախեցնելու համար, այժմ թիրախավորված կրակում են՝ սպանելու նպատակով.

«Նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամն է, որ սպանելու նպատակով են կրակում: Մինչ այս էլ են կրակոցներ եղել, բայց հասկացել ենք, որ վախեցնելու նպատակով է, իսկ այս անգամ հատուկ սպանելու նպատակով են կրակել: Ադրբեջանցիներն արդեն բոլոր կարմիր գծերն անցնում են, կանգ չեն առնում, իրենց նպատակները ծրագրավորած իրագործում են, քանի որ հասկացան՝ ինչ էլ անում են Արցախը հայաթափելու ուղղությամբ արդյունք չկա, որովհետև մարդիկ այստեղ շատ հաստատակամ են:Բայց սրա հետևանքները դեռ շատ կքաղենք, եթե մինչ այս բնակիչները գիտակցում էին, որ չեն թիրախավորվի, սպանելու նպատակով չեն կրակում ադրբեջանցիները, հիմա արդեն այդպես չէ»,- ասել է Մետաքսե Հակոբյանը:

Արցախի պատգամավորը նաև վստահություն է հայտնել, որ ինչպես մյուս դեպքերում, այս անգամ էլ հայկական կողմը Ադրբեջանի քայլերն անարձագանք է թողնելու.

«Ձեռք ձեռքի տված Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, Արցախի իշխանություններն էլ իրենց օգնական, վերացնում են այն մի մասը, որ ունենք Արցախից՝ քանդելով շարունակում են վերացնել նաև Հայաստանը»,- ասել է նա:

Մետաքսե Հակոբյանը նաև հավելել է, որ միջադեպը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ.

«Այգին, որտեղ բնակիչն աշխատելիս է եղել, սահմանին շատ մոտ է եղել: Բայց այդ պահին ռուս խաղաղապահները ոչինչ չէին կարող ձեռնարկել, քանի որ նախ դիպուկահարին չէին տեսնում, բացի դա, մինչև հրաման չունենան, չեն կարող համապատասխան քայլեր անել: Ես չգիտեմ էլ, արդյո՞ք գործառույթների մեջ կա համապատասխան կրակոցներ արձակելը և այլ գործողություններ անելը:

Գիտեմ, որ արդեն պաշտոնական հայտարարություն տրվել է ռուսական կողմին, հիմա արդեն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն: Հիմա այդպես է՝ հայկական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկում, միայն դիմում է ռուս խաղաղապահներին ու սպասում»,- ասել է պատգամավորը:

Ըստ զրուցակցի՝ ադրբեջանցիների սանձարձակ քայլերը հայկական կողմի կեղծ «խաղաղասիրական կոչերի» հետևանք են.

«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, իրենք մեզ սպանեն, մենք լռե՞նք, ձայն չհանե՞նք, ասենք մենք խաղաղ ենք: Դա խաղաղություն չէ, դա վախկոտություն է»,-ասել է Մետաքսե Հակոբյանը: