Իրանի ԱԳ նախարար ՀոսեյնԱմիր-Աբդոլլահիանը հայտարարել է, որ Սիրիան զարգանում է, և Իրանը կրկին հաստատակամ կանգնած կլինի Դամասկոսի կողքին, ինչպես արել է ահաբեկչության դեմ պայքարում:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին իրանցի նախարարը ասել է Սիրիայում, ուր ժամանել է Լիբանանից: Նշվում է, որ Աբդոլլահիանի ղեկավարած պատվիրակությանը Դամասկոսում դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆայսալ Մեքդադը:

«Իրանի և Սիրիայի հարաբերությունները ռազմավարական են, և մենք փորձում ենք ընդլայնել, մեր համագործակցությունն այս երկրի հետ բոլոր ոլորտներում: Սիրիան զարգանում է, և մենք կրկին վճռականորեն կկանգնենք երկրի կողքին, ինչպես կանգնած էինք ահաբեկչության դեմ պայքարի ժամանակաշրջանում»,- ասել է իրանցի դիվանագետը երկիր ժամանելուն պես:

«Վերջին շաբաթներին կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել Իրան-Սիրիա հարաբերությունների համապարփակ զարգացման հարցում: Երկկողմ համաձայնագրերն արագ կիրականացվեն, և երկու երկիրն էլ կշահի դրանից»,- ասել է Աբդոլլահիանը: