Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարը։

Գնել Սանոսյանը շնորհակալության է հայտնել դեսպանին` հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերը համատեղ քննարկելու հնարավորության համար։

Դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով և ուրախ կլինի քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանում այս ուղղությամբ հաջողություն գրանցած բավականին մեծ ընկերություններ կան, որոնք կարող են մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող ծրագրերին։

Նախարարն իր հերթին կարևորել է հնդկական կողմի հետ ակտիվ աշխատանքն ու հայ-հնդկական համագործակցության ամրապնդումը՝ ընդգծելով, որ հայ-հնդկական բերակամական հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, Հայաստանի համար Չաբահար նավահանգստի ընձեռած հնարավորություններին։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել տեղեկատվություն փոխանակել և քննարկել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները: