Հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ՏԻմ ընտրություններին մասնակցող տասը քաղաքական ուժերի ավագանու համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուները Տարածքային ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտի վերաբերյալ հայտարարագրեր։

Ըստ այդմ՝ «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը 7 անշարժ գույք է հայտարարագրել, երկու բնակելի տուն և հինգ հողատարածք։ Ուշագրավն այն է, որ Բարսեղյանը նշյալ հինգ հողատարածքներից երեքը գնել է Լոռու մարզում։ Բացի այդ նա հայտարարեգրել է երկու «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, 52մլն դրամի թանկարժեք  գույք, սեփական գծանկարների, գրքերի ու հնաոճ իրերի հավաքածուներ։ Ֆինանսական միջոցները հայտարարագրելիս Բարսեղյանը տվյալ պահին ունեցել է շուրջ 27մլն դրամ եկամուտ։

«Արժանապատիվ ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, նախկին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հայտարարագրել է վեց անշարժ գույք։ Նրա գույքի աշխարհագրությունը ևս լայն է։ Մարգարյանը բնակարան ունի Գյումրիում և Երևանում, հողատարածք՝ Կոտայքի մարզում։ Պարզվում է բայց Մարգարյանը շարժական ու թանկարժեք գույք չունի, ամեն դեպքում  չի հայտարարագրել։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել է 985 հազար դրամ է եղել։

ՀՀԿ-ի ցուցակն էլ Գյումրու ՏԻՄ ընտրություններին գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին։ Արտյոմ Ղուկասյանն էլ երեք անշարժ գույքի է տիրապետում, մեկ ավտոմեքենա է հայտարարագրել։ Բայց թանկարժեք գույք ու դրամական միջոցներ չի հայտարարագրել։ Պարզ չէ ունի, թե՞ ոչ։ Բայց հայտարարագիրը ներկայացնելու պահին տասը միլիոն դրամ և հինգ հազար դոլար է ունեցել։

ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Նա հայտարարագրել է երեք անշարժ գույք, բնակարան Գյումրիում, առանձնատուն և հողատարածք։ Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն ըստ հայտարարագրի թանկարժեք գույք չունի, հայտարարագրել է մեկ մեքենա։ Որպես եկամուտ էլ հայտարարագրել է մարզպետի աշխատավարձը՝ 7.5մլն դրամ և երեք բանկերից վերցրած վարկային միջոցներ, որը կազմում է շուրջ չորս մլն դրամ։

Քաղաքապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուների՝ գույքի և եկամուտի հայտարարգրերի վերաբերյալ մանրամասներ՝ հաջորդիվ։

Irakanum.am