ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը։

Նախարարությունից  հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից։ Էքսպոյի նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը, նպաստել հայրենական արտադրանքի ճանաչելիության և պահանջարկի բարձրացմանն ու արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի և արտերկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն նաև B2B հանդիպումներ։

Ողջունելով ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Հայաստանի կառավարությունն ընդունել է 2021-2026 թթ․ նոր ծրագիրը, համաձայն որի մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կառուցենք բարձր արտադրողականությամբ, արտահանմանը միտված նորարարական տնտեսություն։ Էկոնոմիկայի նախարարությունն այժմ պատրաստում է ծրագրեր, որոնք կխթանեն ներդրումները, կհեշտացնեն ֆինանսական միջոցների հասանելիությունը, կխթանեն արտահանումն ու նորարարությունը, արտադրողականության բարձրացումը և թվային տեխնոլոգիաները։ Պետությունը կանգնած է արտադրողների կողքին և անելու է ամեն ինչ նրանց աջակցելու համար»։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ առողջապահություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, ավտոմոբիլային արդյունաբերություն, բեռնափոխադրումներ, խնամքի միջոցներ, կաշվե արդյունաբերություն, ծառայություններ, տեքստիլ, տեխնիկա (կենցաղային, շինարարական), ոսկերչություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և կահույք։

Վահան Քերոբյանը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող արտադրողների հետ, որոշների բարձրացրած խնդիրների հնարավոր լուծման համար նշանակել հանդիպումներ վերջիններիս հետ։ Նախարարը նաև արտադրողներին խորհուրդներ է տվել աշխատանքի ճիշտ կազմակերպման և բիզնեսի ընդլայնման համար։

Նախարարը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել է արդյունավետ և ակտիվ աշխատանք և նոր գործարար կապերի հաստատում։