Պենտագոնը կլիմայի փոփոխությունների հետեւանքներին ԶՈւ պատրաստման ռազմավարության 32 էջանոց փաստաթուղթ է հրապարակել, տեղեկացնում է The Hill-ը։

«Կլիմայի փոփոխությունը մեր երկրի անվտանգության իրական սպառնալիք է, եւ պաշտպանության նախարարությունը պետք է գործի արագ եւ համարձակ, որպեսզի ընդունի այդ մարտահրավերն ու պատրաստվի այն վնասին, որից անհնար է խուսափել»,- ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Պենտագոնի ռազմավարությունն ուղղված է այն բանին, որպեսզի զինված ուժերը վերածվեն գործակալության, որն ի վիճակի կլինի հաղթահարել եւ գործել մշտապես սաստկացող փոթորիկների, անտառային հրդեհների, շոգի, երաշտի եւ հեղեղումների պայմաններում, «որոնք կարող են առաջ բերել ճգնաժամեր եւ անկայունություն ամբողջ աշխարհում»։

Նոր պլանը կօգնի Պենտագոնին ավելի լավ հաշվի առնել, թե կլիմայի փոփոխությունն ինչ հետեւանքներ կունենա իր գործողությունների, ուսուցման, պլանավորման եւ բիզնես-պրոցեսների վրա՝ որոշումներ ընդունելիս։

Օսթինի խոսքով՝ դա շատ կարեւոր է, քանի որ կլիմայի փոփոխության հետեւանքները արդեն Պենտագոնի վրա միլիարդավոր դոլարներ են նստում եւ «կշարունակեն ավելացնել օպերատիվ պահանջները զինված ուժերի հանդեպ, քայքայել շինություններն ու ենթակառուցվածքը, մեծացնել մեր զինծառայողների առողջական ռիսկերը, եւ կարող են պահանջել առկա եւ պլանավորվող սարքավորումների արդիականացում»։

Պենտագոնի հաշվետվությունում պաշտոնատար անձինք օրինակներ են բերում, թե ինչպես է կլիմայի փոփոխությունը արդեն ազդում նրա աշխատանքի վրա, եւ ինչ սպառնալիքներ են սպասվում առաջիկայում։

Վերջին մի քանի տարիներին անտառային հրդեհները դարձել են տարհանման պատճառ ԱՄՆ արեւմտյան ռազմակայաններից, այն դեպքում, երբ փոթորիկներն արեւելյան ափին եւ հեղեղումները Միջին Արեւմուտքում «միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել այն օբյեկտներին, որոնց վրա են կենտրոնացած հիմնական մարտական հնարավորությունները»,- ասվում է հաշվետվությունում։

Ավելին, կլիմայական խնդիրները, ինչպիսին է ուժեղ շոգը, կարող են ազդել զորքերի անվտանգության վրա. 2008 թվականից մոտ 17 զինծառայող զոհվել է ջերմային ազդեցությունից ԱՄՆ ռազմակայաններում զորավարժությունների ժամանակ։