Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը  ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտի և հարակից գործակալությունների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողության միջոցներ և հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի և տարաշաշրջանային քաղաքականության համակարգային անհաջողությունները։

Հոկտեմբեր 7-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին և առանցքային այլ հանձնաժողովների անդամներին ուղղված նամակով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ  Րաֆֆի Համբարյանը կոչ է արել հետաքննել ՀՀ հետ ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային դիվանագիտության բազմակի, հիմնարար և կրկնվող ձախողումները` նախորդ տարվա սեպտեմբերին, դրանից առաջ և հետո Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակվող հարձակումների ընթացքում, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայի ժամանակ: Հետաքննությունը կվերանայի ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վարքագիծը՝ ներքոշարադրյալ թերութությունները վերացնելու ուղղությամբ․

Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության օրենսդրական խախտումների չկանխարգելումը։

Ադրբեջանի կողմից գործածված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան պահեստամասերի հայտնաբերման հետ կապված՝ ամերիկյան արտադրողներին, թուրքական կառավարությանը և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին պատասխանատվության չենթարկումը, ինչն ամերիկյան օրենսդրության խախտում է։

Օտարերկրյա ահաբեկիչ զինյալների, այդ թվում՝ Սիրիայից եկած ջիհադիստների հավաքագրման և Արցախի դեմ ադրբեջանական ուժերի կողմից օգտագործման համար՝ Թուրքիային պատասխանատվության չենթարկելը։

Արցախի դեմ կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆոր և արգելված այլ զինամթերք օգտագործելու համար՝ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը։

Հայ ռազմագերիների անօրինական պահման, խոշտանգումների և նույնիսկ սպանությունների համար Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը։

Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման և օկուպացիայի համար՝ Ադրբեջանի ղեկավարներին պատասխանատվության չենթարկելը:

Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի խաղաղ լուծման գործում  ԱՄՆ շահերը համարժեք չներկայացնելու առումով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ձախողումները։

ԱՄՆ կառավարության նախապես իմացության և/կամ Ադրբեջանի հարձակման մասին նախազգուշացման ձախողումները։

Իրենց բնիօրրանից տեղահանված ավելի քան 100․000 հայերին համարժեք մարդասիրական օգնության չտրամադրումը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական անհաջողությունների հետևանքների վրա՝ նկատելով, որ «ԱՄՆ-ի ներգրավվածության ձախողումը տարածաշրջան է հրավիրել չարագործ դերակատարներին, որոնցից առաջինը Թուրքիան է, որը բռնի ուժով փորձում է նախագծել Կովկասի ապագան։

Ր․ Համբարյանի նամակի անգլերեն տեքստը հասանելի է հետյալ հղմամբ: