Պատերազմի սպառնալիքը գոյություն ունի միշտ, բայց ես չեմ կարծում, թե մոտ ապագայում այն հնարավոր է։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ տարածաշրջանում կան որոշակի սպառնալիքներ, որոնք հիմնականում բխում են Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունից։ Այնուամենայնիվ, այդ սպառնալիքների պատշաճ վերլուծություն Հայաստանի իշխանությունների կողմից, խորհրդարանականի կարծիքով, չի կատարվել։

«Ես կարծում եմ, որ հենց այդ տանդեմի ձեւաչափն է ստիպել Իրանին զորավարժություններ անցկացնել։ Դրանք ուղղված են անվտանգության ապահովմանը իրենց սահմաններում։ Այնուամենայնիվ, իրատեսական գնահատական տալու, մարտական գործողությունների հնարավոր սկսման մասին եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է լիովին տիրապետել ինֆորմացիային, որն ունեն Անվտանգության խորհուրդը, պաշտպանության նախարարությունը եւ Գլխավոր շտաբը։ Ես կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքը կա միշտ, բայց չեմ կարծում, թե մոտ ապագայում, ներկա իրավիճակում այն իրական է»,- ընդգծեց Օհանյանը։