Հային ատողը՝ ՀՀ վարչապետն ու իր շրջապատն ամբողջ տարածաշրջանն իրար խառնեցին: «Փաստինֆո»-ի  հետ զրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Պատգամավորը նշեց, որ 88-ի արցախյան շարժումը փոխեց արտաքին քաղաքականությունը և հիմա այնպես ստացվեց, որ աշխարհաքաղաքականության կիզակետում էլի հայտնվեց Արցախը և կրկին ամեն ինչ Արցախից սկսվեց:

«Գերտերությունները՝ խամաճիկների միջոցով, փորձում են իրենց շահերն իրագործել: Եթե Իրանն այդքան իմաստուն չլիներ, կորցնելու էինք Իրանի նման դաշնակցին, չնայած նա էլ իր սեփական շահերից ելնելով է իրեն դրսևորում: Պարզապես մեր ազգը վաղուց սովոր չէ, որ պետությունն ի շահ իր երկրի ու ազգի է գործում: Իրանի ամբողջ պայքարն այսօր իր տնտեսական վիճակը պահելու մեջ է, ինչը, մեծամասամբ, կախված է Մեղրիի միջանցքից»,- նշել է Մետաքսե Հակոբյանը:

Նրա գնահատմամբ՝ հիմա պայթյունավտանգ վիճակ է, և խաղացողները գերտերություններն են, իսկ այս իշխանությունների օրոք մենք դարձել ենք դիտորդ: Մետաքսե Հակոբյանը նկատում է, որ 88-ին այդպես չէր: Ճիշտ է՝ աշխարհի շահերը համընկնում էին այն գործընթացի հետ, որն իրականացնում էին Արցախն ու Հայաստանը, բայց ակտիվ խաղացող էինք, իսկ հիմա դիտորդի դերում ենք հայտնվել:

«Վստահ եմ, որ Թուրքիային չի հաջողվել իրականացնել այն ամբողջ ծրագրերը, ինչի նպատակն ունեն: Եթե մենք փրկենք Մեղրիի միջանցքը, ապա դա միայն շնորհիվ Իրանի վարած ակտիվ քաղաքականության կլինի: Խնդիրն այն է, որ Հայաստանն ամբողջովին դուրս է այս գործընթացից: Այսինքն՝ Իրանը ո՛չ խոսում է Հայաստանի հետ, ո՛չ էլ գործողություններ անում: Հայկական իշխանությունները միայն հայտարարում են, որ իրենց համար այլևս չկան կարմիր գծեր: Այսինքն՝ պատրաստ են անընդհատ զիջումների»,-նշեց ԱՀ ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Արցախը հետագայում կլիազորի՞ ՀՀ-ին բանակցել իրենց անունից՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների խուսափողական քաղաքականությունը, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այստեղ Արցախի լիազորելու խնդիրը չէ, քանի որ այս պահին Արցախն ուղղակի զրկվել է այդ հնարավորությունից:

«Վերջերս Արայիկ Հարությունյանը փաստեց այն հանգամանքը, որ Հայաստանն այլևս չի հանդիսանում ո՛չ անվտանգության երաշխավոր, ո՛չ բանակցող Արցախի համար: Իրենց ձեռք է տալիս այդ տարբերակը, հատկապես Արայիկ Հարությունյանին, որովհետև ամբողջ պատասխանատվությունն իր ուսերից գցում է ռուսական կողմի վրա, ինչը Նիկոլ Փաշինյանի համար ամենաձեռնտու տարբերակն է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:

Վերջինս նաև հավելեց, որ ՀՀ-ում դադարեցրել են Արցախից տեղահանված քաղաքացիների բնակարանների վարձի փոխհատուցման աջակցությունը, որը հոկտեմբերի 1-ից չեն իրականացնում: Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններն այսկերպ ցույց են տալիս, որ Հայաստանն այլևս որևէ կապ չունի Արցախի հետ: