Հաշվի առնելով տարբեր հանրային հաստատություններում, այդ թվում՝ դպրոցներում, մանկապարտեզներում ջերմամատակարարման հետ կապված բարձրացված ահազանգերը, Արցախի ՄԻՊ աշխատակազմի կողմից պարզաբանումներ են ստացվել պետական լիազոր մարմիններից։

Նշվում է, որ Արցախում եղանակային պայմաններով և օդի ցածր ջերմաստիճանով պայմանավորված, ինչպես նաև առկա համաճարակային ռիսկային սեզոնը հաշվի առնելով՝ մանկապարտեզներում, դպրոցներում, ինչպես նաև հանրային այլ հաստատություններում ուղղակի անհրաժեշտություն է ջեռուցման համակարգերի գործարկումը և անհրաժեշտ ջերմամատակարարման ապահովումը՝ ինչպես կրթական գործընթացի, այնպես էլ այլ կառույցների բնականոն գործունեության կազմակերպման համար՝ առանց հաշվի առնելու ջեռուցման սեզոնի համար սահմանված ժամկետները։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հարցի վերաբերյալ քննարկումներ է ունեցել նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ, ով հավաստիացրել է, որ արդեն մի քանի օր է ջերմամատակարարման հարցով բոլոր ցուցումները տրված են, կազմակերպությունների պատասխանատուների համար որևէ խնդընդոտ չկա ջերմամատակարարման գործընթաց իրականացնելու հարցում։