Որևէ քարտեզ կամ իրավական հիմք չեք կարող գտնել, համաձայն որի ադրբեջանցիներն այսքան առաջ են եկել մեր տարածքում: Ադրբեջանցիներն առաջ են գալիս՝ ըստ իրենց ցանկությունների և Հայաստանի իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածությունների: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նրա արձանագրմամբ՝ պետությունների սահմանները որոշվում են միջպետական համաձայնագրերով, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև նման համաձայնագիր չկա.

« Քարտեզների մասին հիշատակումը մարդկանց աչքին թոզ փչելու համար է: Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության միջև երբևէ քարտեզ չի եղել, քանի որ նրանց միջև սահմաններ չեն եղել, սահմանային ուղեկալներ չեն եղել: Դրանք երկուսն էլ եղել են Խորհրդային միության կազմի մեջ մտնող սուբյեկտներ: Խորհրդային ժամանակներում ընդամենը եղել է պայմանական բաժանում ՝ տեղական իշխանությունների որոշումներ կայացնելու համար: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ՛ ՀՀ-ն, ո՛չ էլ Ադրբեջանի Հանրապետությունը Խորհրդային միության իրավահաջորդ չեն հանդիսանում, ԽՍՀՄ իրավահաջորդ պետությունը Ռուսաստանն է»,-ասաց զրուցակիցը:

Իսկ թե այդ դեպքում ի՞նչ հիմքով է Ադրբեջանը պատերազմից հետո հաստատվել ՀՀ ինքնիշխան տարածքում, զրուցակիցը պատասխանեց.

«Հայկական կողմի կամավոր նահանջելու հետևանքով: Խախտելով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության դրույթները՝ ՀՀ իշխանությունների որոշմամբ մեր Զինված ուժերը հետ են նահանջել լրացուցիչ տարածքներ հանձնելով թշնամուն »,-ասաց Էդգար Ղազարյանը:

Հարցին՝ արդյո՞ք սա հիմք չի հանդիսում իրավական գործընթաց սկսել ՀՀ այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար, Էդգար Ղազարյանը նշեց, որ ոչ միայն այս դրվագով, այլ դրվագներ ևս կան, որոնք իրավական գործընթաց սկսելու հիմք կարող են հանդիսանալ.

«Արդյո՞ք Արցախի դատախազության համար հիմք չէ, որպեսզի նրանք քրեական գործ հարուցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը ստորագրել է փաստաթուղթ և Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքները հանձնել է Ադրբեջանին: Մինչ այդ հայտարարություն ստորագրելը Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ չի կարող բանակցել Արցախի անունից, բայց հետո փաստաթուղթ է ստորագրում, որով Արցախի տարածքները հանձնում է Ադրբեջանին: Խոսքը չի վերաբերվում միայն ազատագրված տարածքներին՝ նույնիսկ նախկին ԼՂԻՄ- տարածքին: Բացի դա՝ վարչապետը խոստովանել է, որ ականապատ տարածքների քարտեզներն իր համաձայնությամբ փոխանցվել են Ադրբեջանին, երկու անգամ նման փոխանցում է եղել: Նա նաև պատրաստակամություն է հայտնել, որ մեր տրամադրության տակ եղած բոլոր քարտեզներն է պատրաստ տրամադրել Ադրբեջանին: Ըստ ՔՕ-ի՝ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները թշնամուն փոխանցելը ձևակերպվում է որպես հայրենիքի դավաճանություն, իսկ ականապատ դաշտերի քարտեզները դրանք պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ են»,-ասաց Ղազարյանը:

Անկախ իրավական հենքի բացակայությունից ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք ու ամիսներ շարունակ դիրքավորվել։ Արդյո՞ք հետագայում նրանց մեր տարածքից դուրս հանել հնարավոր կլինի՝ զրուցակիցը պատասխանեց.

«Դա շատ դժվար կլինի, բայց միակ դժվարությունը դա չի լինելու: Մեր պետականությունը կործանված է, երբ Հայաստանում իշխանություն փոխվի, այն մարդիկ, որոնք Հայաստանում իշխանության կգան, ստիպված կլինեն ոչ միայն ադրբեջանցիներին դուրս վռնդել մեր տարածքներից, այլ նաև վերականգնել պետականության բոլոր ինստիտուտները: Մենք հիմա խնդիր ունենք վերականգնել Հայոց անկախ պետականությունը »,-ասաց Ղազարյանը:

Նիկոլ Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչներն ամեն կերպ խուսափում են պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների դեպքում օգտագործել «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, ինչի պատճառը, ըստ Էդգար Ղազարյանի, այն է, որ Հայաստանի իշխանությունները վախենում են Ադրբեջանի իշխանություններից։

«Իրենց ամբողջ գործողություններն են վախի մթնոլորտում: Բա ինչո՞ւ ենք ասում, որ Հայաստանում պետք է իշխանություն փոխվի, քանի որ այս իշխանությունները վախեցած են Ադրբեջանից, նրանք չեն կարող Ադրբեջանի հետ հավասարը հավասարի հետ բանակցել, հայկական կողմի շահերն առաջ մղել: Այս կառավարությունը վախեցել է անգամ իր գործունեության ծրագրում օգտագործի ԼՂ հանրապետություն եզրույթ: Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ Արցախում եղել է 2020թ-ի հոկտեմբերի 5-ին, մեկ տարուց ավել Արցախ չի գնում»,-ասաց Ղազարյանը:

Զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն պետք է անընդհատ բարձրաձայնի իր սուվերեն տարածքի օկուպացման, այլ նաև պետք է բարձրաձայնի Ադրբեջանի իրականացրած պատերազմական ողջ հանցագործությունների մասին.

«Ադրբեջանն իրականցրել է պատերազմական հանցագործություններ, Ադրբեջանը խախտել է միջազգային պայմանավորվածությունները խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ, օգտագործել է չթույլատրված զենքեր, խախտել է պատերազմի կանոնները, մինչ հիմա գերության մեջ է պահում մեր քաղաքացիներին, խոշտանգումների է ենթարկում նրանց, զավթել է Արցախի տարածքների զգալի մասը: Ադրբեջանի այս հանցագործությունների հետևանքները պետք է վերացվեն, նա պետք է դուրս բերի իր զորքերը Արցախի տարածքից , Արցախի ժողովրդի ինքնիշխանություն իրավունքը պետք է վերականգվի, վերահաստավի և ճանաչվի: Հայաստանը ոչ միայն պետք է բարձրաձայնի, այլ պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի այս ուղղությամբ: Բայց դրանք իրականացնելու համար Հայաստանը պետք է ունենա իր ազգային և պետական շահերով առաջնորդվող քաղաքական ղեկավարություն»,-ասաց Էդգար Ղազարյանը: