SS-ի նախկին պահակը, որն այժմ 100 տարեկան է, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական համակենտրոնացման ճամբարում ավելի քան 3000 մարդու մահվան ուղարկելու մեղադրանքով կանգնել է Գերմանիայի դատարանի առջեւ, հայտնում է Reuters-ը:

Դատախազները նշում են, որ SS-ի անդամ Յոզեֆ Ս.-ն նպաստել է 1942-1945 թվականներին Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում տեղի ունեցած 3518 սպանությունների:

Բժիշկներն ասել են, որ տղամարդը, որի ամբողջական անունը չի հրապարակվում, միայն մասամբ է պիտանի դատավարության համար՝ նիստերը օրական ընդամենը երկուսուկես ժամ կտեւեն:

Զաքսենհաուզենում որոշ մարդիկ սպանվել են «Ցիկլոն-B»-ով, թունավոր գազով, որն օգտագործվել է նաեւ բնաջնջման այլ ճամբարներում, որտեղ միլիոնավոր հրեաներ են Հոլոքոստի ժամանակ սպանվել:

Զաքսենհաուզենում ապրել են հիմնականում քաղբանտարկյալներ՝ ամբողջ Եվրոպայից, ինչպես նաեւ խորհրդային ռազմագերիներ եւ որոշ հրեաներ:

100-ամյա Լեոն Շվարցբաումը հանգիստ նստել է դատարանի դահլիճում՝ սպասելով դատավարության մեկնարկին՝ լրագրողներին ցույց տալով այն լուսանկարը, որում ինքը պատկերված է իր ծնողների եւ հորեղբոր հետ, ովքեր մահացել են Օսվենցիմում:

Դատախազությունը Յոզեֆ Ս.-ին մեղադրում է «ճամբարում կյանքի համար վտանգավոր պայմանների ստեղծման եւ պահպանման» միջոցով «դաժան եւ խարդախ սպանություններին» նպաստելու մեջ։

Վերջին տարիներին համակենտրոնացման ճամբարների նախկին պահակների դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել: Անցյալ շաբաթ ճամբարի 96-ամյա նախկին քարտուղարը փախել էր դատավարության սկսվելու օրը, սակայն ժամեր անց նրան բռնել էին ոստիկանները: