Նյու Ջերսիից տղամարդը, որը ծանոթությունների հավելվածներ է օգտագործել երեք կանանց գայթակղելու եւ սպանելու համար, դատապարտվել է 160 տարվա ազատազրկման այն դատավարությունից հետո, երբ պարզվել է, որ մի զոհի ընկերները սոցիալական ցանցերում իրենց սեփական հետաքննություն են անցկացրել կասկածյալին գտնելու համար, հայտնում է AP-ը։

25-ամյա Խալիլ Ուիլեր-Վիվերը անշարժ նստել է, երբ Նյուարկ նահանգի դատարանում դատավորը հրապարակել է իր վճիռը: Պատժի հրապարակմանը նախորդել են զոհվածների՝ Ռոբին Ուեսթի եւ Սառա Բաթլերի ընտանիքների անդամներ հուզիչ հայտարարությունները:

Ուիլեր-Վիվերը հերքել է իր մեղքը՝ դատավորին ասելով, որ իրեն զրպարտել են: Վճիռները ներառում են երեք սպանություն, մեկ սպանության փորձ եւ այլ մեղադրանքներ, այդ թվում՝ մարդկանց առեւանգում, հրկիզում եւ մարդկային աճյունների պղծում:

Էսեքս կոմսության դատախազությունը հայտնել է, որ Բաթլերի ընկերները սոցիալական ցանցերի միջոցով օգնել են ոստիկաններին գտնել Ուիլեր-Վիվերին: Դատախազներն ասել են, որ նրանք սոցիալական ցանցերում նրա հաշիվների հասանելիություն են ստացել, ստեղծել են կեղծ հաշիվ, Ուիլեր-Վիվերին Մոնտկլերում հանդիպման են կանչել եւ այդ մասին տեղեկացրել են ոստիկանությանը:

Չորրորդ կինը, ով փրկվել է հարձակումից եւ ցուցմունքներ է տվել, նույնպես տրամադրել է կարեւոր տեղեկություններ, որոնք օգնել են քննիչներին, քանի որ նրա վրա հարձակման մանրամասները նման են եղել մյուսներին:

Դատավարության ընթացքում դատախազներն ապացույցներ են ներկայացրել, որ Ուիլեր-Վիվերը ծանոթությունների հավելվածներ է օգտագործել կանանց գրավելու համար, ապա խեղդել է նրանց: Նրանց մարմինները հայտնաբերվել են 2016 թվականի սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ Նյու Ջերսիի հյուսիսում: