Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ՝ պետության ղեկավարի բարձր պաշտոնում բոլոր ծրագրերի և նպատակների իրագործման համար:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը և բացառիկ դերակատարումը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում և երախտագիտություն հայտնել մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և ընդգծել, որ Ռուսաստանը մեծապես կարևորում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին: